Կա չգրված կանոն, որ ազգային երաժշտությունը սերունդ դաստիարակելու լավագույն միջոցներից մեկն է։ Ազգային արժեքներով դաստիարակելու, ազգայինը պահպանելու և տարածելու մասին խոսեցինք ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Թովմաս Պողոսյանի հետ։
«Ես կարծում եմ, որ առողջ, խելացի սերունդ ունենալու համար անհրաժեշտ է նաև ազգային երաժշտությամբ դաստիարակել: Հիմա սերունդն ազգային երաժշտության մասին տեղեկացված է այնքանով, որքանով մատուցվում է։ Ինչո՞ւ, որովհետև ազգային երաժշտությունը քարոզչական և դաստիարակչական միջոցներից դուրս է մնացել, հատկապես հեռուստաեթերներից։ Անարժեք երևույթներն են եթերում, որոնք ոչ միայն ապադաստիարակում են, այլ նաև փչացնում են մարդու ճաշակը և հեռացնում ազգային մտածողությունից»,- ասաց Թովմաս Պողոսյանը։
Վերջինս փորձում է չհամեմատել սովետական տարիների հետ, բայց ասում է, որ այն ժամանակ շատ բաներ կանոնակարգված էր մեր մշակույթում, իսկ անկախությունից հետո խաթարվեց, շատ բան մնաց ոչ պրոֆեսիոնալների հայեցողության ներքո և շատ բան սկսեց աշխատել ի նպաստ այսօրվա «բիզնեսի»։
«Այս պարագայում ստացանք մի շատ ցավալի փաստ՝ մշակույթի մասնագիտացած բեմերը տրամադրվեցին այսօրվա ամենահանրահայտ անարժեքություններին, որոնք եկան և նվաճեցին մասնագիտացված արվեստագետների տեղը՝ ասպարեզից դուրս թողնելով Սայաթ-Նովային, Ջիվանուն, Արամ Խաչատրյանին և Կոմիտասին։ «Ռեստորանային կերուխումների» երաժշտություն կոչեցյալը եկավ նվաճեց մեր ազգային արժեքների տեղը»,- ափսոսանքով փաստում է երգիչը։
Թովմաս Պողոսյանը գտնում է, որ այսօր մելիզմների դեմ պայքարելու ամենամեծ միջոցը հեռուստաեթերն է, որն էլ թելադրում է գալիք սերնդին ճիշտ դաստիարակվելու ազգային ճանապարհը։ Ասում է, որ առանձին մարդիկ որոշակի քայլեր ձեռնարկում են, որոշակի միջոցներ էլ պատկան մարմինների կողմից է արվում, բայց դրանք նրա խորին համոզմամբ բավարար չեն։
«Մենք չենք կարողանում մեր մեծերին լայնամասշտաբ կերպով ներկայացնել համամարդկային քաղաքակրթությանը։ Պետք է պետական լայնամասշտաբ մշակութային քաղաքականություն մշակել և փրկել ազգային մշակույթը։ Եթե ազգը չունի դիմագիծ, ապա չունի նաև ազգային մշակույթ»,- եզրափակեց Թովմաս Պողոսյանը։
Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am