«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասյօր Ազատության հրապարակում խոսելով իր նամակի մասին, նշեց, որ նամակը խոսում է միայն իր մոտեցման մասին:

«Մի բան կարող եմ ասել: Այն հանգուցալուծումը, որն ուղղարկվեց Սարգսյանին` անբաժանելի է, եթե Սարգսյանը ուզենա դեմ առ դեմ հանդիպել և քննարկել, պետք է նկատի առնի, որ դա մեր նվազագույն շեմն է: Եթե մի կետ հանի, ապա պետք է համարժեք կետն ավելացնի»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը իշխանությունների հետ «առևտուր» է սկսել անել, Րաֆֆի Հովհաննիսյանն այն որակեց որպես չարախոսություն և ասաց. «Ես պաշտոն չեմ հայցում, պաշտոն չեմ ստանձնելու իշխանության ներսում: Ես պարզապես կարող եմ ասել, որ դա սխալ է, ընթերցեք այդ համալիր ծրագիրը և կտեսնեք, որ դա իշխանության և ժողովրդի միջև պատասխանատվության կիսում է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ ևս հրավիրելով Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ, նշեց. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ կարող է գալ այստեղ, իսկ եթե ոչ, ապա կարող ենք զրուցել Ազատության հրապարակի օթյակում կամ սրճարանում, իսկ ժողովուրդը դրսից կարող է հետևել, թե ինչպես են Հայաստանի երկու քաղաքացիներ լուծում համազգային այս խնդիրը»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը բացառեց իր Ազատության հրապարակից դուրս գալը և նշեց, որ մինչև ապրիլի 9-ը ինքը չի կարող լքել տարածքը:

«Ես մինչև այս հանգրվանի ավարտը դուրս չեմ գալու այստեղից և դա Սերժ Սարգսյանը գիտի: Մինչև այս հանգրվանի սկսվելը, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած տեղ հանդիպել պարոն Սարգսյանի հետ, բայց հիմա ոչ: Եթե ինչ-որ արգելք կա, թող առաջարկ անի: Ես Ազատության հրապարակից դուրս չեմ գա»,-ասաց Ր. Հովհաննիսյանը:

Վերջինս ասուլիսի ընթացքում հաճախակի էր կրկնում, որ ինքը իշխանության հետ որևէ գործարք չի կատարել:

«Իմ խիղճը թույլ չի տալիս որևէ գործարք կատարել: Իմ պահանջները հետևյալն են կամ կլինեն նախագահական ընտրություններ, կամ գործող իշխանությունը կկիսվի ժողովրդի հետ. դա մեր նվազագույն շեմն է, եթե պարոն Սարգսյանը առաջարկներ անի, ես դեմ չեմ դրան»,-նշեց Ր. Հովհաննիսյանը, ավելացնելով, որ սա անհատների «բազար» չի լինելու:

Լրագրողի այն դիտարկմանը, թե կարո՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը թվարկել այն մարդկանց անունները, ովքեր կարող են լինել «Ժառանգության» կողմից առաջարկվող թեկնածուները` մարզպետի պաշտոնի համար, Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց անուններ նշելուց, ասելով, որ երբ ընդունվի իր առաջարկները, այն ժամանակ էլ կհրապարակի անունները:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է Րաֆֆի Հովհաննիսյանի «միայն իմ դիակի վրայով» արտահայտությունը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իմ խոսքի տերն եմ, ձեզ մնում է հասկանալ իմ խոսքը»: