Մարտի 29-ին Beer House-ում տեղի ունեցավ տաղանդավոր լուսանկարչուհի և գեղանկարչուհի Լուիզա Գրագատիի «Սև և սպիտակ» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված էին տասը տարիների ընթացքում կատարած լավագույն լուսանկարները: Ցուցահանդեսին ներկա էին հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ, բազմաթիվ ճանաչված արվեստագետներ և մոդելներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում երիտասարդ լուսանկարչուհու ֆոտոխցիկի «զոհն են դարձել»: Հյուրերի թվում էին Դիանա Մալենկոն, Մարինա Գրեգը, Սամվել Դանիելյանը, Վահրամ Սահակյանը, Կարո Բալյանը, Դավիթ Թադևոսյանը, Լիա Զախարյանը, Գոռ Հարութունյանը և այլոք...
«Դժվարանում եմ բառերով նկարագրել ներկայիս հոգևիճակս: Անչափ ուրախ եմ իմ և կատարածս աշխատանքի մասին հնչեցված այսքան դրական և ոգևորիչ կարծիքների համար: Սակայն գիտակցում եմ, որ դեռ մասնագիտական երկար ճանապարհ պետք է անցնեմ և, իհարկե, սովորելու շատ բան ունեմ», - Yerevannews.am-ի հետ կիսվեց Լուիզա Գրագատին, իսկ հարցին, թե իրեն կայացած համարու՞մ է, պատասխանեց հակիրճ. «Նույնիսկ կյանքիս վերջին օրն ինձ կայացած չեմ համարի»:
Նկարչուհին անսահման շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բոլոր ներկաներին և Beer House-ի տնօրինությանն իր օրը լուսավոր և անմոռանալի դարձնելու համար:
Yerevannews.am-ը շնորհավորում է Լուիզա Գրագատիին և մաղթում անձնական երջանկություն և մասնագիտական բարձունքների հաղթահարում: