Բացարձակ արժեքը, որը կարող է աշխարհում ցանկացած ազգի կողմից գնահատվել՝ մեկ այլ ազգի մշակույթն է, իսկ այլ ազգերին ներկայանալու համար անհրաժեշտ է պահպանել սեփականը։ Ազգային մշակույթի պահպանման կարևորության և ներքին քաղաքականության մասին YerevanNews.am-ը զրուցեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ։
Վերջինս ազգի բնականոն զարգացման հարցում ազգային մշակույթը չափազանց կարևոր գործոն է համարում:
«Շրջագայելով ու տեսնելով օտարազգի երեխաների ազգային դաստիարակությունը՝ հասկացել եմ, թե որքան շատ ենք թերանում մենք այդ հարցում։ Մեր երեխաները գրեթե չգիտեն, թե ինչ ասել է ազգային արժեք ու մշակույթ։ Շատ կցանկանայի, որ դպրոցներում լուրջ դրվեր այս հարցը»,- ասաց երգչուհին։
Այս փաստը տիկին Նադեժդան չափազանց ցավալի է համարում և առաջարկում է, որ մեր հեռուստաընկերություններում եթերաժամեր հատկացնեն ազգային երաժշտությանը, իսկ ներկայիս երաժշտության մասին հետևյալ կարծիքն ունի։
«Նույնիսկ անհարմար եմ զգում երաժշտության վերաբերյալ կարծիք արտահայտել։ Այսօրվա մեր համերգներին, իսկապես, խայտառակ երգ ու երաժշտություն ենք մատուցում։ Ազգային երաժշտության կատարողների միայն 20 տոկոսն է միջին որակ ներկայացնում։ Իսկ թե ինչ են մատուցում մյուս 80 տոկոսը, չեմ ուզում նույնիսկ անուն տալ, որովհետև դաստիարակությունս թույլ չի տալիս և չեմ ուզում վիրավորել։ Թվում է, որ հակազգային և հակադաստիարակչական աշխատանք է տարվում»,- ասաց Նադեժդա Սարգսյանը։
Ըստ նրա՝ այս խնդիրների լուծումները բարդ են:
«Երիտասարդ կազմակերպություններ կան, որ որոշակի աշխատանքներ տանում են ազգային ժառանգությունը պահպանելու հարցում, բայց դա շատ քիչ է։ Այս գործը պետք է անեն և՛ կրթական համակարգում, և՛ Մշակույթի նախարարությունում, և՛ հեռուստաընկերություններում։ Մեր երգերը շատ գեղեցիկ են, ընդամենը պետք է երեխաներին ներկայացնել։ Երեխաներին սիրով հրամցնում ենք օտարների երգերը, բայց դրա փոխարեն պետք է ազգային արժեքներն այդպես գեղեցիկ մատուցենք։ Նոր սերունդը սկզբում կլսի, հետո նոր կսիրի, բայց սկզբում նախ պետք է լսի»,- ասաց երգչուհի Նադեժդա Սարգսյանը։
Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը