Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում  վիճակն անորոշ է ու լարված: Լուրեր են  տարածվել , թե գյուղում հայտնվել են զինված մարդիկ: Տարբեր մարդկանց դռներ են ծեծել, դուռը բացել են՝ զինված մարդիկ  փախել են ու այսպես վախեցրել են բնակչությանը: Ճշտելու համար լուրերի իսկությունը YerevanNews.am-ը կապ հաստատեց Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի հետ, ով նշեց, որ իրենք էլ դեռևս չգիտեն` ինչ է տեղի ունեցել:

Նա հայտնեց, որ մի քանի հոգի հայտարարել են, որ տեսել են զինված անհայտ անձանց, ովքեր շրջել են գյուղում. «Դեռ կոնկրետ չենք հասկանում ինչ է կատարվել, բոլոր վարկածները զննում ենք:

Թեպետ ես 99 տոկոսով ադրբեջանցիների տարբերակը բացառում եմ, քանի որ մեր գյուղ մտնել հնարավոր չէ, մեզ վրա անընդհատ կրակում են, բայց մտնելը մի տեսակ հավանական չէ, մեր զինվորները ուշադիր պահպանում են սահմանը, համ էլ ջրամբար ունենք, մեր մոտ մտնելը այդքան հեշտ չէ: Հիմա ոստիկաններն էլ են փորձում պարզել այս ամենի իսկությունը, անորոշ վիճակում ենք, բայց ամեն ինչ հսկվում է, մենք էլ պինդ կանգնած ենք մեր սահմանին, տեսնենք ինչ կլինի, ով կլինի»,-եզրափակեց գյուղապետը: