Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ներկայացնելով հաշվետու տարում իրականացված ծրագրերը, նշել է, որ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և մի շարք այլ օրենքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության առանձին որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթները: Էլեկտրոնային և տեղեկատվական համակարգերի ներդրման և կատարելագործման շնորհիվ էականորեն կրճատվել են ծառայության ծախսերը։ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում զգալիորեն ավելացել է հարուցված կատարողական վարույթների քանակը, և խնդրին լուծում տալու նպատակով ներդրվել է հարկադիր կատարողի գործառույթների ավտոմատացման համակարգ։
Միհրան Պողոսյանը զեկուցել է, որ 2014 թ. ձեռնարկված կազմակերպական և այլ միջոցառումների շնորհիվ գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 ՀՀ դրամ (2013 թ.՝ 20.079.203.874 ՀՀ դրամ), որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 ՀՀ դրամ (2013 թ.՝ 3.459.065.305 ՀՀ դրամ), ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980 ՀՀ դրամ (2013 թ.՝ 2.821.158.004 ՀՀ դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 ՀՀ դրամ (2013 թ.՝ 10.061.321.526 ՀՀ դրամ):
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2015 թ. անելիքներին և այդ համատեքստում կարևորել կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը: