Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, որը հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ և Ներկայացուցիչների պալատի անդամ է հանդիսանում տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին մեկ ամբողջ ժամ կտրամադրի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընթերցմանը:

Ինչպես հայտնում է asbarez-ը, Ադամ Շիֆը կոչ է արել Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց հարազատների և բարեկամների անուններն ուղարկել համապատասխան հասցեով, քանի որ դրանք ևս  պետք է ներառվեն իր կողմից ընթերցվելիք ցուցակում:

«Մեկ ժամվա ընթացքում ես կկարողանամ ընթերցել Ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց միայն մի փոքր մասի անունները: Իսկ 1.5 մլն-ից ավելի զոհվածների անուններն ամբողջովին ընթերցելու համար կպահանջվեն շաբաթներ»,- ասել է նա:

Կոնգրեսականը հույս է հայտնել, որ այս քայլով կօգնի հանրության ուշադրությունը հրավիրել այս ոճրագործությանը: Մարդիկ, ում անունները կընթերցի նա, եղել են որդի, դուստր, մայր ու հայր, տատ ու պապ, մորաքույր ու քեռի. նրանցից ամեն մեկի կյանքն անգին էր: