Երաժշտությունն այն հուզական ձևերից մեկն է, որն իր բուն գործառույթն ունի երեխաների դաստիարակության հարցում: Երաժշտությունն օգնում է լիարժեք բացահայտել երեխաների ընդունակությունները, զարգացնել երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը: Երեխայի երաժշտական դաստիարակության կարևորության մասին YerevanNews.am-ը զրուցեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ:
- Գիտակից սերունդ ձևավորելու համար շատ անհրաժեշտ պայմաններ պետք է լինեն։ Առաջնայիններից մեկը՝ երաժշտական ճաշակի ձևավորումն է։ Երեխայի ընդհանուր ճաշակի ձևավորման հարցում ազգային երաժշտությունը հսկայական դերակատարում ունի։ Երեխան մինչև հասցնում է սիրել թատրոնը, հասկանալ կինոարվեստը և արվեստի այլ տարատեսակներ, նրա ընկալողական դաշտում առաջինը երաժշտությունն է։ Շատ կարևոր է, թե ինչ է լսում երեխան ամենասկզբում։ Ես կարող եմ իմ բալիկի օրինակով խոսել։ Տասը տարեկան է, բայց կարողանում է զատել լավ երգը՝ վատից։ Սրանում մեծ հիմք ունի ազգայինը։ Շատ սիրում է Ջասթին Բիբեր, Արիաննա Գրանդե և առանձնահատուկ կերպով սիրում է Սայաթ-Նովայի երգերը։ Գրեթե ամեն օր դուստրս Սայաթ-Նովա է երգում։ Ես զգում եմ, որ աղջիկս մեծագույն հաճույք է ստանում։
- Մենք խոսեցինք անհատական օրինակի մասին, բայց նոր սերնդի մեծամասնությունը տեղյակ չէ ազգային երաժշտությունից և լավագույն դեպքում թվարկված անուններից կարող է առանձնացնել Ջասթին Բիբեր, Արիաննա Գրանդե և էլի մի քանի անուն ու վերջ, իսկ Սայաթ-Նովայի անունը հնարավոր է նաև այլ երևույթների հետ ասոցացվի: Որտե՞ղ ենք թերանում։
- Միանշանակ համաձայն եմ, որ թերանում ենք ու հատկապես եղած մշակույթը փոխանցելու հարցում ենք թերանում։ Ամեն ինչ կախված է ավագ սերնդից, թե ինչպես է հաջորդ սերնդին հրամցնում ունեցած հսկայական ժառանգությունը։ Երեխան նման է սպունգի և ինչ տաս, դա էլ կընդունի։ Եթե երեխային հրամցնես վատը, ապազգայինը, թուրքականը, ապա երեխան դա կվերցնի և իր համար չափանիշ կդարձնի։ Ցանկացած ծնող պետք է ունենա մի նպատակ՝ ամեն կերպ երեխային մոտեցնել ազգայինին։ Կարևոր է, որ երեխան չհեռանա ազգայինից։
- Ընտանիքից դուրս, ո՞րն է ազգայինին մոտ տարվող լավագույն ճանապարհը։
- Մեդիադաշտն ամենաուղիղ ճանապարհն է ազգային երաժշտությունը քարոզելու համար։ Առանձին անհատներ փորձում են փոքրիկ քայլերով առաջ գնալ, որպեսզի մշակութային ժառանգությունը պահպանվի, այլ ոչ թե կորի ու անհետանա։ Սա պետք է պետական հոգածության խնդիր դառնա։
Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը