Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բիշկեքում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող թվով 14 փաստաթղթերի նախագծերի:
Նախարարները համաձայնեցրին 2015թ. ԱՊՀ շրջանակներում արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ծրագիրը։
ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության արժանացրին 2016-2020թթ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, որում ներառված են 120-ից ավել միջոցառումներ։
Նիստի ընթացքում համաձայնեցվեցին նաև ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Հավանության արժանացան կրթության բնագավառի մի շարք փաստաթղթեր։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։
Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտարարություն ընդունեցին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի կապակցությամբ, որը վերահաստատում է հավասար, անբաժան և համապարփակ անվտանգության՝ առանց բաժանարար գծերի և փակ սահմանների Վանկուվերից Վլադիվոստոկ փոխշահավետ համագործակցության հայեցակարգը, Հելսինկիի սկզբունքների խախտման, դրանց կիրառման նկատմամբ ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների կիրառման, ներառյալ՝ շրջափակումը, այլ պետությունների հաշվին սեփական անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը։ Հայտարարությունը շեշտում է հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով և համաձայնեցված ձևաչափերում կարգավորման կարևորությունը, ընդգծում է ԵԱՀԿ տարածքում տարբեր ինտեգրացիոն միավորումների երկխոսությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրումն ու համագործակցությունն ապահովող անհրաժեշտ պայման։