«Մեծ ուրախությամբ իմացանք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը միաձայն պատմական որոշում է կայացրել՝ օրենք ընդունելով, որով Հայոց ցեղասպանության ժխտումը հանցանք է համարվում: Արդարև, մենք երբեք չենք մոռանա, որ 1975-ին Կիպրոսի խորհրդարանն աշխարհում երկրորդն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Այս ուրախ առիթով մեր ժողովրդի անունից մեր խորին շնորհակալությունն ու բարձր գնահատանքն ենք ուզում հայտնել Կիպրոսի խորհրդարանին՝ իր այս պատմական որոշման համար։ Այս քաջ որոշումն արդարության և մարդկային իրավունքների հանդեպ Կիպրոսի Հանրապետության ունեցած զորեղ հանձնառության շոշափելի արտահայտությունն է»:
Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։
Նշենք նաև, որ Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունվել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք, ինչի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր. «Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»: