Զինված ուժերի համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի մշակման, թողարկման, մատակարարման, պաշտպանական գերատեսչության և ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունների փոխգործակցության եզրերի քննարկման նպատակով ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության և ոլորտի առաջատար մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սպառազինությունների արդիականացում, նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության ներդրում, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումներ, բազմակողմ ձևաչափով ռազմատեխնիկական համագործակցություն: Այս ամենը պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից և առկա մարտահրավերներին համարժեք արձագանքելու հնարավորություններից են, որոնք ռազմական անվտանգության ապահովման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ են ստեղծում:

Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերն իրատեսական են և իրագործելի: Ասվածի վկայությունն է նաև վերջերս ԱԺ-ում քննարկված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծը, որը լուրջ նախադրյալներ է ստեղծելու ոլորտի հետագա զարգացման համար, խթանելու է ռազմարդյունաբերական համալիրի վերածումը տնտեսության կարևորագույն և առաջատար ճյուղի:

Առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ նոր օրինագծի շրջանակում ռազմարդյունաբերական կազմակերպությունների ներկայիս վիճակի, արտադրական կարողությունների, ձեռքբերումների և բացթողումների իրատեսական գնահատումը, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքների և առաջարկությունների քննարկումը նոր էջ է բացում ոլորտի զարգացման և նոր ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք ընկերությունների հետ ՀՀ պաշտպանության նախարարության կնքած պայմանագրերի գործնական արդյունքները, հայրենական ձեռնարկություններում սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, նորոգման, պատվերների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման հնարավորությունները, այդ պատվերների կատարման ընթացքում առաջացող դժվարությունները, ինչպես նաև ընկերությունների բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ ծրագրերը:

Հնչեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ, որոնց վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց իր դիրքորոշումը՝ հանդիպման մասնակիցներին տալով մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Խորհրդակցության ընթացքում ռազմարդյունաբերության համալիրի զարգացման և կայացման գործում ունեցած ավանդի համար գերատեսչական մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ հանձնվեցին ոլորտի մի շարք պատասխանատուների և մասնագետների: