Եվրոպայի 2016թ.-ի առաջնության ընտրական փուլի՝ Ալբանիա-Հայաստան հանդիպումը ճակատագրական եղավ շվեյցարացի Բեռնար Շալանդի համար: Դեռ խաղից առաջ էլ պարզ էր, որ բացասական արդյունքի դեպքում, մեր ընտրանու գլխավոր մարզիչը կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Լարվածությունն արեց իր գործը: Չանդրադառնալով մեր հավաքականի անցկացրած խաղերից յուրաքանչյուրին՝ փորձենք խոսել ընդհանուր պատկերի մասին: Մարդկային հրաշալի որակներով օժտված և մարզումների ժամանակ աշխատանքին լիարժեք նվիրվող Շալանդին չբավականացրեցին միայն այդ որակները:

Շվեյցարացի մասնագետի հետ մեկ տարի առաջ կնքված պայմանագիրը հստակ նախատեսում էր՝ Հայաստանի հավաքականին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Չասենք, թե հայ երկրպագուն մեծ հույսեր կապում էր Շալանդի հետ, բայց հավատալու համար երկրպագուին ոչ-ոք չէր խանգարում: Նախորդ տարվա մայիսից Բեռնարն անցավ գործի՝ նախ ուժերը փորձելով ընկերական խաղերում: Կարծես՝ ընկերական խաղերից կարելի էր սահուն անցում կատարել պաշտոնականներին: Բայց, կիսատ վառելիքով և անբարեկարգ ճանապարհով դժվար էր առաջ շարժվելը: Փաստ է, որ հավաքականի անհաջող ելույթներում մեղքի բաժինը միայն Շալանդինը չէր: Եթե լարենք մեր հիշողությունը, ապա պարզ կդառնա, որ խաղերի ճնշող մեծամասնության ժամանակ շվեյցարացին իր տրամադրության տակ չի ունեցել օպտիմալ կազմը: Բայց, մյուս կողմից, բարձրակարգ մարզչի մասնագիտական նույնքան բարձր որակները ի հայտ են գալիս հենց նման ֆորս-մաժորային իրավիճակներում, երբ անհրաժեշտ է անհապաղ ելքեր փնտրել:

Շալանդը սկսեց օգտագործել հինգ պաշտպանով կառուցված խաղային սխեման: Թվում էր, թե հաջողություն կբերի, բայց հաջողությունները՝ կոնկրետ պաշտպանության գծում, ժամանակ առ ժամանակ երևաց: Շանադի բացթողումներից մեկը՝ խաղի ժամանակ փոփոխություններ կատարելու տաղանդի՝ չասենք իսպառ բացակայությունն էր, բայց, այնուամենայնիվ, հոտառություն չունենալը: Ի վերջո ժամանակակից ֆուտբոլում շատ բան որոշում է մարզչի նաև այդ որակը: Դանիայի և Ալբանիայի հետ խաղերում՝ մանավանդ, մենք չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը, հենց փոխարինումների ժամանակավրեպ լինելու կամ անհասկանալի տրամաբանության հետևանքով: Եվս մեկ հանգամանք, որը չօգտագործեց Շալանդը: Որպես կանոն, թիմի մարտավարությունը և խաղային սխեման ընտրում են՝ ելնելով մրցակցի ուժից, հնարավորություններից և մարտավարությունից: Այդ առումով Շալանդն ուներ սեփական փիլիսոփայությունը և հարազատ դարձած մարտավարությունը:

Բայց, գրեթե յուրաքանչյուր խաղում նույն մարտավարությամբ խաղալը, մեղմ ասած, արդյունք չի տալիս: Ոչ միշտ է, որ զգուշավորությունն ապահովում է ցանկալին: Շատ դեպքերում Շալանդին համարձակություն էր անհրաժեշտ՝ մարզչական համարձակություն. Խաղի ընթացքում կտրուկ վերադասավորումներ, որոնք կարող էին անակնկալի բերել մրցակցին: Այն որ Շալանդին քիչ թե շատ հաջողվել էր կարգավորել խաղը պաշտպանությունում՝ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն դա բավական չէր: Սպորտում առհասարակ, և ֆուտբոլում մասնավորապես, բոլոր տեսակի պատրաստականությունների շարքում կարևորներից է և, ինչու չէ, ամենագլխավորն է հոգեբանական պատրաստականությունը: Մարզիչը պետք է նաև լավ հոգեբան լինի:

Շալանդին այդպես էլ չհաջողվեց մեր ֆուտբոլիստներին տրամադրել պահանջվածին համապատասխան: Ամենևին չթերագնահատելով Բեռնար Շալանդի կատարած աշխատանքը, իր գործին սրտացավ մոտեցումը, միևնույն ժամանակ չենք կարող չփաստել, որ շվեյցարացին չկարողացավ անել գլխավորը: Ֆուտբոլում գլխավորն արդյունքն է, որին հասնելու համար պետք է օր ու գիշեր փնտրել տարատեսակ տարբերակներ: Շալանդն իր գործն արեց այնքանով, որքանով տվյալ պահին և ստեղծված կադրային իրավիճակում կարող էր: Բայց, ստիպված եղավ կիսատ թողնել… Ո՞վ կլինի մեր հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը…Հարց, որը հիմա հուզում է յուրաքանչյուր հայ երկրպագուի. Մեկ բան աներկբա է. Շալանդի հետնորդին դժվարին կացություն է բաժին հասել:

Ինչևէ, շնորհակալություն հայտնենք շվեյցարացի մասնագետին՝ կատարած աշխատանքի համար, և մինչև վերջ կանգնենք մեր ընտրանու, մեր ֆուտբոլիստների կողքին: Մենք ունենք լավ հավաքական, որի հերթական փայլուն հաջողություններին ականատես դեռ լինելու ենք:

Մենուա Մեհրաբյանի կարծիքն ու գնահատականը՝ Բեռնար Շալանդի աշխատանքին


Վովա Հակոբյան-Facebook