Կինոյի մասին օրենքն անհրաժեշտություն է: Այս մասին ասյօր՝ ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը: Հանդիպման ժամանակ նա հայտնեց նաև, որ ամենևին էլ տեղյակ չէ, թե ովքեր են կինոյի մասին օրենքի հանձնաժողովում աշխատում և առանձնապես ինչի վրա է շեշտը դրվում:

Ըստ Միքայել Պողոսյանի` մեր օրերում կինո նկարում է նա, ով գումար ունի, կարողանում է հայթայթել, իսկ արժանավորները մնում են ստվերում:

«Մենք հոգնել ենք գումար հայթայթելու համար դռներ թակելուց, և հույս ունեմ, որ մի օր էլ մեր դուռը կթակեն և կասեն, թե լավ սցենար ունեն և ուզում են, որ մենք այն կյանքի կոչենք կամ նկարահանվենք այնտեղ»,- ասաց հայտնի դերասանն ու ռեժիսորը։

Մեր շուրջն ապրում էին մարդիկ, որոնց պետք էր ճիշտ «օգտագործել», հիմա էլ այդ ուշադրությունը չկա ժամանակակիցների հանդեպ:

«Լավագույններն այսօր գնում են՝ Ջանիբեկյան, Ջհանգիրով... և իրենց տաղանդն էլ իրենց հետ տանում են: Նրանց փոխարեն մեր գլխին խուտուտչիների մի տարափ է թափվել: Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց Պողոսյանը:

Կինոյի մասին օրենքը պետք է մի մարտավարական ծրագիր լինի, որը կկարգավորի դաշտը, թե չէ` ով փող ունի, իր պապի մասին կինո է նկարում: Դերասանը առանձնապես մեծ հույսեր չունի, որ օրենքն արտոնյալ պայմաններ կստեղծի լավագույնների համար, մեկ է` անհատը, եթե ուզում է ֆիլմ նկարել, նա ամեն գնով անում է դա: