Մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրեց ոլորտի մեկ տասնյակից ավելի գործիչների՝ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, Լեյլի Խաչատրյանին, Մարգո Մուրադյանին, Էվելինա Շահիրյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կամո Հովհաննիսյանին, Սիլվա Յուզբաշյանին, Բարսեղ Թումանյանին, Գեղանուշ Սայադյանին: ԱԺ նախագահի պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին թատերական արվեստի շուրջ հինգ տասնյակ գործիչներ: Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց.
«Հայ թատրոնի նվիրյալներ, բարեկամներ
Հարգելի տիկնայք եւ պարոնայք
Թույլ տվեք ողջունել ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, եւ սրտանց շնորհավորել ձեր մասնագիտական տոնը` Թատրոնի միջազգային օրը:
Հայ թատրոնի հարգարժան ներկայացուցիչներ, անկախության տարիներին մեր ժողովուրդը կենսական բազում դժվարություններ է հաղթահարել եւ դուք միշտ նրա կողքին եք եղել: Հայ թատրոնին մատուցած ձեր ծառայություններով ու նվիրումով դուք ամեն ինչ արել եք, որ հարատեւի ու զարգանա հայ բեմական արվեստը ու փոխանցվի սերունդներին: Այսօր արդեն մենք պետք է մտածենք թատրոնի՝ մեր ժողովրդի մշակութային մեծագույն արժեքներից մեկի ակտիվ զարգացման մասին, քանզի այն ինքնահաստատման ու ինքնադրսեւորման կարեւորագույն գործոն է: Ինչպես մեծերից մեկն է ասել՝ արվեստի վերջնական նպատակն է մարդկանց մղել անելու այն, ինչ իրենց հարկավոր է ու գիտակցել այն, ինչ իրենք գիտեն:
Թատրոնը անկեղծ երկխոսություն է հանդիսատեսի հետ, ուստի այն միշտ կմնա արդիական եւ, համոզված եմ, կպահպանի Վահրամ Փափազյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի, Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի ու մեր թատրոնի մյուս երախտավորների ստեղծած ավանդույթները:
Ասում են` թատրոնն արվեստի տաճար է:Մեր թատրոնի ավելի քան 2000-ամյա պատմությունը վկայում է , որ մենք խնամքով ենք պահում այդ տաճարը: Այն մեզ համար ազգային մշակութային արժեք է, մեր խոսուն այցեքարտերից մեկը՝ արտաշատյան առաջնաբեմից մինչեւ ներկայիս մայր թատրոն:
Հարգելի բարեկամներ, տիկնայք եւ պարոնայք, ժամանակակից հայ թատերարվեստը զարգանում եւ իսկապես արժանապատվորեն շարունակում է հայ թատրոնի հարուստ ավանդույթները: Եւ դա շնորհիվ բոլոր նրանց, ովքեր կերտում են այդ պատմության այսօրվա էջերը` ռեժիսորից մինչեւ դերասան, դիմահարդարից մինչեւ նկարիչ, մինչեւ սպասարկող անձնակազմի յուրաքանչյուր աշխատակից, որովհետեւ այն, ինչ տեսանելի է բեմում, ստեղծվում է նաեւ շատ շատերի անտեսանելի ջանքերով:
Մեր ժամանակներում հասարակությանն ավելի հանդուրժողականություն ու բարյացակամություն է անհրաժեշտ, եւ հենց թատրոնն է, որ մարդուն դարձնում է ավելի անկեղծ, ավելի մարդկային ու հոգեպես ավելի հարուստ: Այս առումով ես շատ բարձր եմ գնահատում թատրոնի դերը հասարակության կյանքում, որովհետեւ այն մարդկանց հոգեւոր ու բարոյական դաստիարակության կարեւորագույն գործոններից մեկն է: Աջակցելով թատրոնին, վերարժեւորելով մեր մշակութային ժառանգությունը` դրանով իսկ յուրաքանչյուրս աջակցում ենք մարդկանց բարոյական ոգու ամրապնդմանը եւ ավելի առողջ հասարակություն ունենալուն:
Սիրելի բարեկամներ, ես շնորհակալ եմ ձեր նվիրվածության, ձեր կատարած աշխատանքի համար, որն ուղղված է հասարակությունն ու աշխարհն ավելի հանդուրժող, ավելի բարյացակամ ու ավելի մարդկային դարձնելուն:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, շնորհավորում եմ բոլոր պարգեւատրվածներին եւ մաղթում առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական մտահղացումներ եւ ձեռքբերումներ ու թող բեմարվեստին մատուցած ձեր ծառայությունները միշտ բարձր գնահատվեն»:
Թատերական գործիչներն իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին ՀՀ ԱԺ նախագահին՝ բարձր գնահատանքի ու թատրոնի նկատմամբ հետեւողական հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն իր հերթին շնորհավորեց ԱԺ նախագահին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, նշելով, որ Հովիկ Աբրահամյանն առաջին պետական այրն է, որ դեռեւս տասնվեց տարի առաջ արժանացել է Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին: Երվանդ Ղազանչյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին` նշեց, որ նրա հոգատար վերաբերմունքն իրենք զգացել են միշտ:
Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց, որ ԱԺ Պատվո մեդալի է արժանացել նաեւ Սոս Սարգսյանը, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէ պարգեւատրման արարողությանը: ԱԺ նախագահը նշեց, որ ինքը կայցելի եւ անձամբ կշնորհավորի Վարպետին եւ կհանձնի մեդալը:
Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: