ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի պատասխանատուներ: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման շրջանի մեկնարկին առնչվող հարցեր:
Փոխվարչապետին զեկուցվեց մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Նշվեց, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի: Ըստ մարզպետարանի պատասխանատուների` ծրագրերի իրականացումը նպաստել է մարզում ցանքատարածությունների ավելացմանը. մասնավորապես 2012թ-ին, նախորդ տարվա համեմատ, աշնանացան ցորենի ցանքատարածություններն ավելացել են 1 000 հեկտարով, իսկ գարնանացանի տարածքները նախատեսվում է, որ նախորդ տարվա ծավալները կգերազանցեն 1 500 հեկտարով: Տեղեկացվեց, որ մարզի համայնքներում որոշակի խնդիրներ են առկա կարտոֆիլի բերքի իրացման հետ կապված եւ անդրադարձ եղավ բերքն իրացնելու հնարավորություններին: Քննարկվեցին նաեւ մարզում անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին` փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին առաջարկեց "Շիրակ" ՋՕԸ-ի հետ համատեղ ամփոփել 2012թ. աշխատանքների արդյունքները եւ աջակցել ՋՕԸ-ին ` անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցում:
Տեղեկություններ ներկայացվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Զեկուցվեց, որ ներկայումս ծրագրով իրականացված ֆիզիկական աշխատանքների ծավալը կազմում է 63 տոկոս: Չորրորդ ծրագրով եւս մարզին հատկացվել էր 1,3 մլրդ դրամ, որոնք ուղղվել են մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը:
Ներկայացվեցին նաեւ մարզի համայնքների 2013թ. առաջին երկու ամիսների սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները: Կատարողականը կազմել է 86,6 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 3,8 տոկոսի աճ: Դրական համարելով տարեսկզբի միտումները` փոխվարչապետը կարեւորեց սեփական եկամուտների ողջ ծավալով հավաքագրումը եւ անթույլատրելի համարեց տարվա ընթացքում ապառքների ու պարտքերի կուտակումը, ինչն առաջին հերթին դժվարություններ է ստեղծում հենց համայնքների համար:
Խորհրդակցությանը մարզպետը բարձրացրեց Գյումրի քաղաքում նոր դիահերձարանի կառուցման հարցը` ծրագրի իրագործմանը նաեւ տեղական մասնակցության պատրաստակամություն հայտնելով: Փոխվարչապետն առաջարկեց նոր շենքի կառուցման նախագիծը քննարկել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ:
Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց նաեւ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին քաղաքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Քաղաքապետը բարձրացրեց նաեւ Գյումրիում փողոցների բարեկարգման հարցը` նշելով, որ ձյան հալոցքից հետո վերանորոգման խիստ անհրաժեշտություն է առաջացել, իսկ համայնքային միջոցները բավարար չեն համապատասխան աշխատանքների իրականացման համար, ուստի քաղաքապետարանն այս հարցում ակնկալում է կառավարության աջակցությունը: Փոխվարչապետը խոստացավ, որ հարցը կքննարկվի կառավարությունում:
Անդրադարձ եղավ նաեւ "Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք" ծրագրի իրականացմանը: Փոխվարչապետը մարզպետին ու քաղաքապետին հորդորեց համագործակցված աշախատել ՀՀ մշակույթի նախարարության հետ եւ կարեւորեց ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ մակարդակով իրականացումը: