«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա Իտալիայում հանդիպելու է երկրի ղեկավարության հետ, ապրիլի 10-ին կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:

Այնուհետև Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 11-ին ներկա կլինի Գարեգին Բ կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանը, Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Իսկ ապրիլի 12-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկան, որտեղ պետք է մասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս պատարագի մասին «ժողովուրդ»-ը գրել էր դեռևս ապրիլի 1-ին:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել՝ Սերժ Սարգսյանը փորձում է անձամբ և առերես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին համոզել գալ Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործում Ս. Սարգսյանին կօգնեն նաև Վատիկանի հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, ինչպես նաև՝ արտերկրում ապրող մի շարք հայ մեծահարուստներ:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի այս քայլը նաև երկրորդ իմաստն ունի. եթե Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չընդունի հրավերը և չգա Հայաստան, ապա այդ փաստն այլևս այնքան էլ չի համարվի Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ձախողումը: Դա կհամարվի Սերժ Սարգսյանի անձնական ձախողումը:

Հ. Գ. Նկատեցի՞ք՝ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում նախատեսված միջոցառումները սկսվում են ապրիլի 10-ից, սակայն նա երեկ արդեն մեկնեց երկրից: Ըստ ամենայնի, ՀՀԿ առաջնորդը խուսափեց ընդունել երեկ երեկոյան Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: Իսկ Երևանում լինելով՝ չէր կարող չընդունել նրան, քանի որ Քիմին նույնիսկ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման է ընդունում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: