Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առաջին դասարանի աշակերտներին համակարգիչ տրամադրելու «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագրին: Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: Տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: Առաջին փուլում 2015թ. սեպտեմբերից 2019թ. օգոստոս ամիսը, ծրագիրը փորձնական կիրականացվի մեկ՝ Վայոց ձորի մարզում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի և 2019թ. սեպտեմբերից ամեն մի ուսումնական տարում կներառվի մեկ կամ երկու մարզ: Երրորդ փուլում՝ 2025թ. սեպտեմբերից, ծրագիրը կսկսի իրագործվել Երևան քաղաքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ ծրագիրը մեծ հետաքրքրություն է հարուցել հանրության շրջանում, դրան անդրադարձել է մամուլը, ուստի իրագործումը նույնպես պետք է շատ թափանցիկ լինի: