Թերթն անդրադարձել է ՀՀ ՊՆ միջոցներով անցյալ տարի բուժման նպատակով Իսրայել մեկնած ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանի թեմային: Նա Իսրայել էր մեկնել մոր` տիկին Նաիրայի հետ:
Թերթը միաժամանակ հիշեցնում է, որ Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում 2011թ. դեկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք էր ստացել ժամկետային զինծառայող 1992թ. ծնված Գևորգ Եղիազարյանը: Նրա մոտ ախտորոշվել էր պարանոցային ողի և ողնուղեղի լրիվ ընդհատում, այսինքն` պարանոցային 6-րդ ողից ներքև նրա ողնուղեղը չի աշխատում:
Թերթի թղթակիցը հանդիպել է Գևորգի մոր հետ, ով նշել է, որ որդուն բուժվելու համար անհրաժեշտ է եղել ևս մեկ ամիս, սակայն ՊՆ-ն չի համաձայնել:
Գևորգի մայրը նշել է, որ Իսրայելի բժիշկները նամակով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարությանը, սակայն նախարարությունը հրաժարվել է տղայի բուժումը շարունակել:
Գևորգի մայրը թղթակցին պատմել է, թե Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր նեյրովիրաբույժը ինչպես է պատասխանել իրենց` նշելով, որ Գևորգը պետք է հոգեբանական ռեաբիլիտացիա անցնի, պետք է ընկալի, որ դա է իր ճակատագիրը: Սակայն օրեր անց տեղի էր ունեցել հակառակը: Տղան շարժել է ձեռքը: Հիմա արդեն Գևորգը շարժում է ձախ ձեռքը, գլուխը վարժ թեքում է աջ ու ձախ, նաև զգում է ոտքերը:


