ՀԱԿ խմբակցությունը գազի սակագնի վերաբերյալ նախագիծ է ներկայացրել ԱԺ: Ներկայացնենք այն ամբողջությամբ.
«Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ -ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին՝
Հիմք ընդունելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի՝ 2015թ.-ի ապրիլի 07-09-ի նիստերի ընթացքում ներկայացված զեկուցում-եզրակացությունը, ինչպես նաև եզրակացության քննարկման ընթացքում հրապարակված հատուկ կարծիքները, նյութերը և տեղեկանքները, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 62-րդ և 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին և 22-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է՝
1. ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով:
2. Առաջարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ, հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, երկշաբաթյա ժամկետում մշակել և Ազգային ժողով ներկայացնել դրանց վերացմանն, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016թ.-ի գործունեության ծրագրում:
Ազգային ժողովի պատգամավորներ՝
Լևոն Զուրաբյան
Արամ Մանուկյան
Ստեփան Դեմիրճյան
Լյուդմիլա Սարգսյան
Գագիկ Ջհանգիրյան»: