Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» միջազգային գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ:
Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ.
«Գիտաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում և շնորհավորում նման կարևոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ:
Դուք իրականացնում եք մեծ աշխատանք՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների ուսումնասիրման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական նորմերի ու սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանության ու տարածման ուղղությամբ: Դա առանձնահատուկ առաքելություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:
Չափազանց խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովն անց է կացվում հենց Արցախում: Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված և դաժանաբար իրականացված ցեղասպանության, զրկվեց պատմական հայրենիքի մեծ մասից և դարձավ տարագիր` սփռվելով աշխարհով մեկ: Մարդկության պատմության մեջ հայտնի այդ աննախադեպ Եղեռնը չստացավ արժանի գնահատական, ինչն էլ ծնեց նոր ոճրագործություններ: 1988-ին Սումգայիթում ու 1990-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը և արցախահայության դեմ սանձազերծված պատերազմը դրա վառ վկայությունն են: Սակայն այս անգամ մեր ժողովրդին բնաջնջելու հակառակորդի ծրագրերը դատապարտված էին ձախողման, քանզի դարավոր ցավն ու կորուստը ուժեղացրել էին հայի ազատատենչ ոգին, դարձրել նրան ավելի ամուր ու անսասան:
Արցախյան ազատամարտի տարիներին համայն հայությունը ոտքի ելավ մեկ մարդու պես` պաշտպանելու իր պապենական հողը, հնագույն լեզուն, հավատքն ու մշակույթը, սեփական ձեռքերով կերտելու իր ճակատագիրը: Համազգային միասնությունն ու համախմբվածությունը և հայոց անկախ պետականությունը դարձան մեր հաղթանակների գրավականն ու խորհրդանիշը, ինչը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Այս գիտակցությամբ ու համոզմունքով մենք կարողացանք դիմակայել թշնամուն, հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները և կառուցել երկու հայկական պետություններ, որոնք այսօր ձեռք ձեռքի կերտում են իրենց հուսալի ապագան:
Հարգելի՛ բարեկամներ,
Վստահ եմ, որ գիտաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջև դրված խնդիրները և արժանի ներդրում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ու ամենայն բարիք»: