Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» պաշտպանՏարոն Ոսկանյանը ArmFootball.com-ի լրագրողի հետ խոսել է ԱԱ-2014 ընտրական B խմբում Չեխիայի դեմ հանդիպման մասին, որտեղ մեր հավաքականը 0-3 հաշվով պարտություն կրեց:

- Տարո'ն, երեկ շատ կարևոր հանդիպում էինք անցկացնում Չեխիայի հետ: Ի՞նչ կասես առաջին խաղակեսի մասին: Երևում էր, որ պաշտպանության վրա մեծ ճնշում չկար:

- Առաջին խաղակեսում լավ հանդես եկանք: Ունեինք առավելություն և կարող էինք առնվազն 2 գոլ խփել: Այո՛, այդքան մեծ ճնշում չկար պաշտպանական դիրքերի վրա: Մենք սպասում էինք, որ չեխերը ավելի ագրեսիվ կխաղան հարձակման գծում:

- Առաջին խաղակեսում պաշտպանական օղակի գործողություններից գո՞հ ես:

- Կարծում եմ, առաջին խաղակեսը հաջող էր: Փորձում էինք շատ ուշադիր և հավաքված խաղալ:

- Ընդմիջման ժամանակ Մինասյանն ի՞նչ ասաց: Ի՞նչ առաջադրանք ստացաք խաղադաշտ դուրս գալուց առաջ:

- Մինասյանը հրահանգեց ավելի ագրեսիվ խաղանք և հավատանք, որ անպայման հաղթելու ենք:

- Որքանո՞վ դուք կատարեցիք մարզչի առաջադրանքը:

- 2-րդ խաղակեսի հենց սկզբում մեր սխալի պատճառով գոլ ընդունեցինք, և մեր խնդիրը դժվարացավ: Կարծում եմ՝ չկարողացանք ամբողջովին կատարել մեր մարզչի առաջադրանքները:

- Գոլն ընդունելուց հետո, չկարողացաք վերգտնել ձեր խաղը: Ինչի՞ հետ է դա կապված:

- Չեմ կարծում: Առաջին գոլից հետո մենք խաղի հաշիվը հավասարեցնելու հնարավորություններ ունեինք: Իսկ երկրորդ գոլից հետո արդեն խաղի ելքը վճռվեց:

- Ի՞սկ ինչ տեղի ունեցավ երկրորդ գոլի պահին: Վերլուծիր այդ դրվագը, արդյո՞ք հնարավոր էր գոլը չընդունել, թե՞...

- Այնպիսի դրվագ էր, որ ամեն ինչ կախված էր պաշտպանությունից, մենք էլ չկարողացանք հաղթել այդ դրվագում: Մեղավորներ փնտրել պետք չէ, մենք բոլորս մեր մեղքի բաժինն ունեինք: Ուղղակի անցանկալի պահ էր, հետևություններ կարվեն: Մենք չհանձնվեցինք երկրորդ գոլից հետո: Փորձում էինք հետ բերել կորցրածը, բայց արդեն շատ դժվար էր ինչ-որ բան փոխելը:

- Խաղն արդեն ավարտված է: Ոչինչ հետ չես բերի, ամփոփելով խաղը, ի՞նչ հետևություններ կարելի է անել խաղը ընդհանուր պատկերի մասին:

- Կարծում եմ, մենք արժանի չէինք պարտության, այն էլ խոշոր հաշվով: Հավասար խաղ էր, ով իր գոլային պահերը օգտագործեց, նա էլ հաղթեց: Մենք պետք է դասեր քաղենք այս պարտությունից, վերլուծենք մեր սխալները և առաջ շարժվենք: Հետագայում կփորձենք մեր խաղով ապացուցել, որ կարող ենք հաջողություններ ունենալ: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն նվիրյալ երկրպագուներին, ովքեր իրոք, սրտանց ցավում են մեր հավաքականի համար և մեր կողքին են, թե' պարտության և թե' հաղթանակի դեպքում:

- Խաղից հետո, քո անունը դարձավ ամենաշրջանառվող անունը: Վարդան Մինասյանը քեզ գովեստի խոսքեր հղեց: Իսկ որոշ երկրպագուներ սկսեցին անխնա քննադատել քեզ: Այդ ամենից հետո, երիտասարդ պաշտպանի համար դժվա՞ր չէ հոգեբանորեն տրամադրվել հետագա խաղերին:

-Ես շատ շնորհակալ եմ պարոն Մինասյանից, լավ խոսքերի համար: Չեմ կարծում, որ երեկ գերազանց խաղ եմ խաղացել, համոզված եմ, որ դեռ իմ լավագույն որակները ցույց կտամ: Շնորհակալ եմ նաև քննադատողներից, ես կողմ եմ առողջ քննադատությանը: Կհետևեմ դրանց, բայց կյանքը ավարտված չէ: Պետք է առաջ նայել: Վատը մնացել է անցյալում, իսկ լավագույնը դեռ առջևում է:

- Հենրիխ Մխիթարյանի խոսքերից երեկ կարելի էր ենթադրել, որ հավաքականում առողջ մթնոլորտ չի տիրում: Նման բան կա՞:

- Նման բան չկա: Հավաքականում շատ լավ մթնոլորտ է տիրում: Թե ինչու է Հենրիխն այդպիսի բան ասել, ես այդ հարցին պատասխանել չեմ կարող:

- Այս խաղից հետո, շարունակելու՞ եք պայքարել Բրազիլիա մեկնելու համար: 

- Մեր առջև նման խնդիր չի դրվել: Իհարկե, բոլորս երազում ենք Բրազիլիայում հայտնվելու մասին, սակայն պետք է իրատես լինել: Մենք շատ բարդ խմբում ենք հայտնվել և արդեն շատ դժվար կլինի ինչ-որ բան փոխել: Մյուս խաղերում կփորձենք առավելագույնս պատրաստվել  և լավ խաղ ցուցադրել:

  

ArmFootball.com