Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ և իտալացի գործիչների Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Պարգևները շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը: