Օրերս Ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում տուգանք սահմանել 60 մլն դրամի չափով: Նախորդ տարի մեկ այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գարեջրի գործարանում իրականացված ստուգումների (Պիվի Հակոբ) արդյունքում հարկային մարմինները սահմանել էին 1, 5 միլիոն դոլար տուգանք:
Խոշոր գործարարներին և պատգամավորներին պատկանող ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու և խախտումներ հայտմաբերելու վերաբերյալ տեղեկությունները վերջին շրջանում գնալով ինտենսիվ են դառնում: Արդեն իսկ տեսանելի են հարկային ստուգումների իրականացման նոր մոտեցումները:
Խնդիրն այն է, հարկային մարմինների կողմից իրականացվելիք ստուգումների գործընթացը որոշակի ճշգրտումների կարիք ունի: Առաջին հերթին հարկային ստուգումները պետք է կանոնակարգված լինեն, այսինքն` պետք է հստակ սահմանվի, թե երբ է հարկայինը ստուգումներ իրականացնելու` բացառելով նրա կողմից իր ուզած պահին ստուգումների անցկացումը: Արդյունքում ստուգումների իրականացման նման կարգավորումը կնպաստի հարկայինի կողմից կամայական գործողությունների բացառմանը:
Բացի այդ կարևոր է այն հանգամանքը, որ հարկային մարմինները եթե որոշակի կասկածներ ունեն որևէ ձեռնարկության գործունեության հետ կապված, ապա ստուգումների ընթացքում նրանց համար պետք է նշանակություն չունենա, թե տվյալ գործարարը ինչ շրջանակների հետ է առնչվում, կամ ով է նրա այսպես ասած «տանիքը»: Այսինքն` որոշակի ձեռնարկատերերի նկատմամբ հարկային մարմինները առանձնահատուկ մոտեցում չպետք է ցուցաբերեն:
Մյուս կողմից եթե հարկային մարմինները անընդհատ խնդիրներ են ստեղծում գործարարների համար, ապա պետք է թույլ չտալ հարկայինի վնասակար ներգործությունը բիզնեսի վրա և սահմանափակումներ մտցնել հարկայինի նմանատիպ գործողություններում: Իսկ եթե գործարարները շարունակում են աշխատել ստվերում, ապա պետք է օրենքի շրջանակներում համապատասխան քայլեր ձեռնարկել նրանց նկատմամբ և արդյունքում բերել օրենքի դաշտ: Սա է ստվերի դեմ պայքարի բանալին, առանց որի անհնար է ստվերը բերել օրենքի դաշտ:
Նարեկ Պողոսյան-Facebook