ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Լեւոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը, ապրիլի 13-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ԵԽԽՎ նախագահի այցը մեր երկիր, նշել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը մասնակցել է ԵԽ-ի բոլոր մակարդակներում աշխատանքներին, իրականացրել ստանձնած պարտավորությունները: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նա մասնավորապես նշել է, թե բարեփոխման ինչպիսի աշխատանքներ են իրականացվում դատաիրավական, ոստիկանության ոլորտներում, գենդերային հավասարության, սեռական եւ կրոնական փոքրամասնություններին առնչվող իրավական պաշտպանության մասում:

Հերմինե Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ կրկին հավաստիացրել, որ այս հարցում Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով քննարկումները եւ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ ու ԼՂՀ մասնակցությամբ:

Նա տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին, որ ամառվանից սկսած հաճախակիացել են գնդակոծություններն Ադրբեջանի կողմից, որի հետեւանքով մի քանի անգամ ավելացել են զոհերը շփման գծում, ինչը, ըստ նրա, կապված է ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ գտնվող «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրված զեկույցի հետ: Տիկին Նաղդալյանը նկատել է, որ խնդրի կարգավորման համար բավարար չեն Հայաստանի ջանքերը, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները:

Այս համատեքստում խոսվել է վստահության ցածր մակարդակի եւ անաչառության դեֆիցիտի մասին:

Պատվիրակության ղեկավարը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների կասեցման վերաբերյալ, նշել, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւորել է հատկապես դրանց կրկնությունը կանխարգելելու տեսանկյունից:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը եւ Լեւոն Զուրաբյանը խոսել են ներքաղաքական իրավիճակից եւ գործընթացներից, ներկայացրել իրենց մտահոգություններն ու դիրքորոշումները քննարկվող եւ այլ հարցերի առնչությամբ: Հայկական պատվիրակության անդամները կարեւորել են ԵԽԽՎ պատգամավորների նախաձեռնած միավորման ստեղծումը, որի նպատակն է պայքարել ատելության, անհանդուրժողության եւ ժխտողականության դեմ:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ անդրադարձել բարձրացված հարցերին: Նա կարեւորել է տարբեր խնդիրների լուծման համար միահամուռ ջանքերի գործադրումը: Անդրադառնալով դատաիրավական ոլորտին՝ նա կարեւորել է դատական մարմինների անկախությունն ու հանրության վստահության մեծացումը դրանց նկատմամբ, անհրաժեշտ համարել անպատժելիության բացառումը: Տիկին Բրասերն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին, ընդգծել դրանց համապատասխանության անհրաժեշտությունը ԵԽ չափանիշներին եւ նշել, որ սահմանադրական բարեփոխումները չպետք է լինեն ինքնանպատակ. նրա խոսքով՝ դրանք պետք է դառնան գործիք՝ երկիրը զորացնելու համար: Նա նաեւ կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Հերմինե Նաղդալյանը խոսել է նաեւ ԼՂՀ-ի հետ ԵԽԽՎ-ի համագործակցության անհրաժեշտության մասին՝ մատնանշելով, որ խորհրդարանական ձեւաչափը լավագույնն է նման համագործակցության համար, որին ի պատասխան՝ ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ ԼՂ-ի բնակչությունը ԵԽ-ի 820 միլիոնանոց ընտանիքի մաս է կազմում, որի մասին Եվրոպայի խորհրդում պետք է հոգ տանեն:

Նույն օրը ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպել են նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

Անդրադառնալով «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցին՝ նշվել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել փաստաթղթի զեկուցող Ռոբերտ Վոլտերի հետ, քանի որ չի հավատում զեկույցի անաչառությանը: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ զեկույցը պատվիրված է ադրբեջանական պատվիրակության կողմից: Տիկին Բրասերի՝ պատվիրակությունների միջեւ վստահության մակարդակը բարձրացնելուն վերաբերող առաջարկին ի պատասխան՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրա նախապայմանը պիտի լինի ԵԽԽՎ-ի կողմից նման զեկույցներից հրաժարվելը:

Խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ ԼՂ-ի մասին զեկույց պատրաստողը նախ պետք է այցելի Ղարաբաղ եւ մոտիկից ծանոթանա արցախցիների հետ: Նրանք առաջարկել են ԵԽԽՎ նախագահին առաջիկայում ԼՂ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ այցելել Լեռնային Ղարաբաղ եւ կարեւորել են Եվրոպայի խորհրդում ԼՂ-ին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ այդ երկրի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արխիվները բացելու եւ պատմագիտական ուսումնասիրություն իրականացնելու առաջարկի վերաբերյալ՝ խորհրդարանական խմբակցությունների անդամները փաստել են, որ Հայոց ցեղասպանությունը վաղուց ուսումնասիրվել է մասնագետների կողմից եւ ճանաչվել: Նշվել է, որ Հայաստանը արխիվներում ոչինչ չի թաքցնում, իսկ աշխարհասփյուռ հայությունն ապացույցն է այն բանի, որ հենց Ցեղասպանության պատճառով է հայ ժողովուրդը սփռվել աշխարհով մեկ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Անն Բրասերը կարեւորել է խնդրի կարգավորումը: Հայ-թուրքական հարաբերությունների առումով ԵԽԽՎ նախագահը, կարեւորելով երկխոսությունը եւ շփումները երկու երկրների միջեւ, նշել է, որ կողմերը պետք է մի կողմ դնեն նախապայմանները՝ ընդգծելով նաեւ, որ առանց անցյալի հետ հաշտվելու՝ հնարավոր չէ ապագա կառուցել: Նրա գնահատմամբ՝ այն, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մեծ եղեռնը երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում անվանել է Ցեղասպանություն, դա եւս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի: