Նախօրեին կայացել է երգիչ Էրիկի «Քո հետքերը» նոր ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էր նաև YerevanNews.am-ը: Միջոցառմանը ներկա են եղել հայտնի արվեստագետներ, երգիչներ, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը: 

Նախքան շնորհանդեսը լրագրողների հետ զրույցում Էրիկը ներկայացրել է սկավառակի ստեղծման պատմությունն ու հայտնել, որ այն թողարկվել է 2000 տպաքանակով և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կլինի վաճառքում.“Բոլորս էլ գիտենք, որ հիմա սկավառակները մի քիչ դժվարությամբ են վաճառվում, այնուամենայնիվ, նոր տպաքանակ էլ կավելանա` կախված գնորդների ցանկությունից: Շուտով համացանցում էլ կվաճառվի: Միայն ուզում եմ խնդրել, որ որակյալ տարբերակը գնեն, որովհետև որակի համար իսկապես շատ ենք տանջվել: Ակնկալում եմ, որ այս ալբոմը դեռ երկար կապրի:

«Քո հետքերը» նոր ալբոմում ներառվել են ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ հայտնի ժամանակակից հայ երգահանների ստեղծագործությունները: Իր ստեղծագործական գործունեությունը Էրիկը սկսել է վաղ հասակից Վրաստանում: 2001թ. կարիերան շարունակել է Հայաստանում: Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է: 2007թ. Բուլղարիայում «Discovery» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող է դարձել: 2011թ. Էրիկը Յուրմալայում ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթ-փառատոնին և դարձել «Հանդիսատեսի համակրանք մրցանակի» դափնեկիր: 2011թ., 2012թ., 2013թ., 2014թ. մի շարք հայկական երաժշտական մրցանակաբաշխություններին ճանաչվել է լավագույն երգիչ:

Երեկոյի ընթացքում սիրված երգիչը կատարեց իր ալբոմի երգերից՝ բարձր պահելով հյուրերի տրամադրությունը:

Երեկոյին ներկա էին բազմաթիվ հայտնիներ, Մարտին Միրզոյանը, Միքայել Պողոսյանը, հայկոն և Անահիտ Սիմոնյանը, Լուսինե Թովասյանը, Իրինա Թովմասյանը, Քրիստինե Պեպելյանը,Գրիքոր Կյոքչյանը և այլոք:

Հյուրերը տպավորրված և գոհ էին երեկոյից, ինչպես նաև մաղթեցին իրենց ընկերոջը հաջողություններ ու նորանոր անակնկալներ: