Համաձայն չեմ, որ տեղի է ունենում մշակութային ոչնչացում: Մենք այժմ ունենք մեր առջև ծառացած խնդիրներ, որոնց լուծման համար կատարվում է մեծ աշխատանք: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Նունե Աթանասյանը՝ նշելով, որ լրատվության միջոցները այդքան էլ շատ չեն անդրադառնում այն մասնագիտական խնդիրներին, որ առկա է ոլորտում։
Նրա խոսքով՝ ազգային մշակույթը մարդու էությունն է, այն պետք է հարուստ լինի, իսկ էությունը հնարավոր է հարստացնել մեր պապերի մշակույթով։
«Ուստի այսօր խոսել հայ մշակույթի անկման մասին, անթույլատրեի եմ համարում, մենք այսօր ունենք մշակույթի, արվեստի վառ նմուշներ, որոնք թույլ են տալիս, որ մեր մշակույթն այսօր զարգանա»,-ասաց նա՝ նշելով, որ մշակույթը օգնության, լրագրողների աջակցության կարիք ունի»։
«Ժողովրդական երգը պատկանում է հային, և եթե այդ երգը նրա առօրյայում չի ապրում, ապա մենք չենք կարող խոսել երգի ներթափանցման մասին: Մենք պետք է ձերբազատվենք մի շարք պրոբլեմներից, որոնք խանգարում են ինքադրսևորվել: Շատ կարևոր է նաև կատարողական ձևը, որովհետև միևնույն երգը կարող է մատուցվել ռաբիս կլկլոցով կամ արևելյան ձևերով, որը ճիշտ չէ»,-ասաց բանախոսը:
Ասուլիսին որպես բանախոս ներկա տաղանդավոր երգչուհի Անուշ Արշակյանն ասաց, որ հայ ազգը չի կորցնում իր ազգային մշակույթը, ուղղակի մոռանում է մեր գանձերի մասին՝ ընկնելով դատարկ ու սին պատրանքների հետևից, արտաքին աշխարհից ներմուծվող գովազդային մակարդակով մատուցվող ինֆորմացիայի հետևից:
Տաղանդավոր երգչուհի Անուշ Արշակյանը ասուլիսի վերջում հիացրեց լրագրողներին իր գեղեցիկ կատարմամբ, որը ներկայացնում ենք ստորև:


