«Ոչ միայն Վարդան Օսկանյանը, այլ որ առանցքը լինի ԲՀԿ-ն, դա էր իրենց առաջարկը:Մենք որևէ մեկի շուրջ միավորվելու խնդիր չունենք, որովհետև մեքն այլևս միավորված ենք մեր քաղաքացիների առանցքի շուրջը: Դրա համար էլ այդ առաջարկը մեզ համար անընդունելի էր, հենց «Բարև Երևան» դաշինքը դրա վառ ապացույցն էր»,-այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այն հարցին, թե երեկ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն ասելէր, թե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» միասնական ճակատով ավագանու ընտրություններին մասնակցելու բանակցությունների ժամանակ «Ժառանգությունը» դեմ է եղել, որ միասնական ցուցակը գլխավորի Վարդան Օսկանյանը:

Այնուհետև այնդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու՞ է «Ժառանգությունը» դեմ եղել, որ միասնական ցուցակը ղեկավարի Արմեն Ռուստամյանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այժմ լրագրողներին կպատմի ողջ եղելությունը:

«Ամենառաջին տարբերակը եղել է հետևյալը, սկզբում ցուցակը պետք է գլխավորեի ես, երկրորդ համարը` Լիլիթ Գալստյանը, երրորդ և դրանից հետո ամեն մի երրորդը հասարակական դաշտի ներկայացուցիչ:

Դաշնակցության մեր գործընկերներն առաջարկեցին ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը բնականաբար ընդունելի չէր, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահ է: Այնուհետև իրենք առաջարկեցին Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ ցուցակ, որն էլ ընդունելի չէր մեզ համար և մենք որպես ալտերնատիվ լուծում առաջարկեցինք, որ Լիլիթ Գալստյանը ղեկավարի ցուցակը: Չստացվեց դա և այն ինչ մենք առաջարկում էինք, իրականացրեցինք առանց ՀՅԴ-ի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ այս ամենը չի նշանակում, որ համագործակցության դաշտը ՀՅԴ-ի հետ փակվել է և հնարավոր է, որ ընտրություններից հետո այդ համագործակցության դաշտը նորից բացվի: