Հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթն առանձնահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում: Այն մշտապես գտնվել է տարբեր ժողովուրդների ուշադրության կենտրոնում և մշտապես պահպանել է իր ինքնատիպությունը:

Գատնիք չէ նաև, որ գիտակից և գրագետ սերնդի դաստիարակության գործում իր կարևոր առաքելությունն ունի նաև ազգային երաժշտությունը: Սակայն վերջին տարիներին մեր հասարակությունում պակասել է ազգայինի հանդեպ ուշադրությունը, կարևորությունը և ամենակարևորը՝ սերը:

Մասնագետները, որպես պատճառ, նշում են մեկ հիմնական խնդիր՝ մշակութային քաղաքականության թերացում:

Թատերագետ Լևոն Մութաֆյանը YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ազգային երաժշտության ընթացքը մոլորվել և մատնվել է անորոշության, քանի որ չափից ավելի շատ են խեղաթյուրումները:

«Ես չեմ կարող պարտադրել, որ բոլոր ընտանիքներում Կոմիտաս լսեն։ Սա պարտադրանք չէ, բայց մեծ ցանկություն է»,- նշում է Մութաֆյանը:

Ազգային երաժշտությունն այսօր քարոզչական և դաստիարակչական միջոցներից դուրս է մնացել։ Սերունդը սկսում է իր ազգայինից ենթագիտակցաբար հեռանալ ու մոտենալ մի մշակույթի, որը մերը չէ և ցածրաճաշակ է։

Անկախությունից հետո մեր մշակույթում շատ բան խաթարվեց, շատ բան մնաց ոչ պրոֆեսիոնալների հայեցողության ներքո և շատ բան սկսեց աշխատել ի նպաստ այսօրվա «բիզնեսի»։ Նմանատիպ կարծիք է հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Թովմաս Պողոսյանը:

«Այս պարագայում ստացանք մի շատ ցավալի փաստ՝ մշակույթի մասնագիտացած բեմերը տրամադրվեցին այսօրվա ամենահանրահայտ անարժեքություններին, որոնք եկան և նվաճեցին մասնագիտացված արվեստագետների տեղը՝ ասպարեզից դուրս թողնելով Սայաթ-Նովային, Ջիվանուն, Արամ Խաչատրյանին և Կոմիտասին»,- ափսոսանքով փաստում է երգիչը։

Անհրաժեշտ է պետական լայնամասշտաբ մշակութային քաղաքականություն մշակել և փրկել ազգային մշակույթը։ Հակառակ դեպքում կորցնում ենք ազգի դիմագիծը:

«Եթե չկա ընդհանուր մշակութային քաղաքականություն, քարոզչություն, ապա ինչպես կարող ենք հասարակական արձագանքի և արդյունքի մասին խոսել։ Ազգային արվեստ քարոզելն արվեստագետի տիրույթը չէ։ Այս խնդրով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը»,- ասում է երաժիշտ Վահան Արծրունին:

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանն ամենևին էլ այն կարծիքին չէ, որ մեր երկրում կա մշակութային քաղաքականության խնդիր:

«Պետական այրերը երբեք չեն կարող շարժել դարերով եկած մշակույթը, դա իրենց գործը չէ, իրենց բուն գործը՝ երկիր կառուցելն է: Մշակութային քաղաքականությունը պետք է վարեն մշակույթին մոտ կանգնած մարդիկ, դա արդեն յուրաքանչյուրիս խղճի գործն է»,-ասում է դերասանը:

Ազգայինի հանդեպ հետաքրքրություն պետք է մտցնել դեռևս մանկապարտեզից: Վստահեցնում է երգչուհի Ալլա Լևոնյանը և ասում. «Չէ՞ որ երեխաներն ամենաշուտն են սովորում և ամենահեշտն են ընկալում: Եթե մանկապարտեզում սկսեն ուսանել ազգային պար, երգ, ինչպես նաև լսեն գեղջկական, կոմիտասյան երգեր, ապա ենթագիտակցաբար կընկալեն ու նրանց համար սիրելի կլինի ազգային երաժշտությունը: Եթե նույնիսկ չհասկանան, ապա գոնե կլսեն»:

Ի վերջո, սա մի խնդիր է, որը մեզ տանում է դեպի օտարացում: Սեփական մշակույթից, երգ-երաժշտությունից հեռանալու խնդիրները պետք է գտնվեն մեր մշակույթի գործիչների և պետական այրերի ուշադրության կենտրոնում: Սա ազգի լինելիության, սկզբունքայնության և աշխարհին ներկայանալու հարց է և այստեղ սխալվելու և թերանալու իրավունք չունենք: Այստեղ է, որ հարց է առաջանում, ինչո՞վ է զբաղված Մշակույթի նախարարությունը, երբ սերունդը մեծանում է օտար երաժշտության ազդեցության տակ: