Թուրքիային Հայոց Ցեղասպանությունը ճանաչել տալուն ուղղված տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերն ու Անկարայի հանդեպ իրականացվող ճնշումն առաջին հերթին պետք է գնահատել այն տեսանկյունից, թե որքանով են դրանք նպաստում հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորմանը: Նաև հարկավոր է տարբերակել զուտ քարոզչությունն իրավական հետևանքներ ունեցող քայլերից՝ այս առումով տարբերություն կա Ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելու վերաբերյալ օրենսդրական ակտեր ընդունած պետությունների և այն երկրների միջև, որոնք Հայոց Ցեղասպանության հարցը Թուրքիայի հանդեպ իրենց վարած քաղաքականության գործիքներից մեկն են դիտարկում՝ Անկարային շանտաժելու միջոցով որոշակի առավելություններ ստանալու համար: Ըստ այդմ՝ խնդիրը միջազգային ասպարեզում հնչեցվում է քաղաքական, բարոյական ու, երբեմն էլ, իրավական շեշտադրումներով:
Հռոմի Պապի կողմից հարցի արծարծումը կարելի է դասել բարոյական հորդորների շարքին՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր բազմամիլիոնանոց հավատացյալ հոտին Թուրքիան ներկայացրեց որպես ցեղասպանություն իրականացրած պետություն, ինչն, այնուամենայնիվ, նախկինում այս կերպ երբևէ չի արվել: Թուրքիայի արձագանքը բավական կոշտ էր՝ նրա առաջնորդների քաղաքական հայտարարություններին կարող են հետևել նաև հակաքրիստոնեական բռնարարքներ, որպիսիք կանխելու հնարավորությունը չունեն ոչ Վատիկանը և ոչ էլ Հայաստանը: Հայաստանը, ցավոք, ունակ չէ այսօր Թուրքիայի հետ համատեղ երկկողմ հարաբերությունների կարգավորման օրակարգ մշակել ու փորձել հաղթահարել խորը արմատներ գցած թշնամանքն ու անվստահությունը՝ դրան խոչընդոտում է այն, որ Հայկական Հարցը օտարներից շատերի համար քաղաքական աճպարարության փորձված միջոցներից մեկն է: Այս պահին հիմքեր չկան ակնկալելու, որ Անկարան պաշտոնապես կճանաչի Ցեղասպանության փաստը: Դրան հակառակ, գնալով ավելանում են փոխադարձ թշնամանքի ու անվստահության հետագա խորացման նախադրյալները:
Արման Մելիքյան-Facebook