Ապրիլի 16-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի զորամասերի ներգրավմամբ անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն: Զորավարժությանը հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչներ և հրավիրվածներ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից

Նախքան նշված միջոցառման մեկնարկը զորավարժարանին կից տարածքում ցուցադրվեցին մի շարք զորատեսակների և ծառայությունների կողմից բացազատված ուսումնական կետերը, որի ընթացքում ներկաները ծանոթացան ինչպես ըստ ուղղությունների ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, այնպես էլ մարտական կարևորության որոշ նորությունների:

Այնուհետև ղեկավարման կետում ծավալված մանրակերտի վրա միավորման հրամանատարը ներկայացրեց զորավարժության համար ստեղծված նախնական իրադրությունը և ըստ այդմ սպասվող զարգացումների հաջորդականությունը:
Հարկ է ընդգծել, որ ի տարբերություն նմանօրինակ այլ միջոցառումների, զորավարժության ընթացքում առավել մեծ ուշադրություն դարձվեց կրակային խոցման միջոցների, մասնավորապես՝ հրետանային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունների վրա, ինչը պայմանավորված էր ժամանակակից համազորային մարտում նշված զորատեսակի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Մարտաուսումնական գործողությունների ընթացքից պարզ երևում էր, որ ինչպես հրետանին, այնպես էլ զորավարժությանը ներգրավված մյուս զորատեսակները իրենց առջև դրված խնդիրները կատարում են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պահանջներին համահունչ և առանց նշանակալի թերացումների: Հատկապես առանձնացման արժանի է զորատեսակների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը:

Ընդհանրացնելով մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության արդյունքները, կարելի է միանշանակ փաստել, որ մասնակից զորամասերի հրամանատարական և շարքային անձնակազմը ճիշտ է ընկալում իր առջև դրված խնդիրներն ու պահանջները և դրանք իրականացնում բարձր պատասխանատվությամբ: Միաժամանակ զորավարժությունը ցույց տվեց, որ այն բացի մասնակից զորամասերի ունեցած մարտական հնարավորությունների ստուգատես լինելուց, նաև այդ հնարավորությունները կատարելագործելու լավագույն միջոց է: