Երաժշտությունը գերում է, հուզում է, զարմացնում է, երբեմն էլ զայրացնում է, ոգևորում է յուրաքանչյուրին՝ անկախ սոցիալական պատկանելության, անձի կրթության և երաժշտական պատրաստվածության մակարդակից։ Իհարկե, հարցի այլ կողմն է անձի երաժշտական լուսավորվածությունը, բանիմացությունն ու ընկալումը, էսթետիկական փորձի լիարժեքությունը, ճաշակը․որքան բարձր՝ այնքան ավելի ընդգծված է հակումը դեպի դասական երաժշտություն, աշխարհիկից դեպի հոգևորը։ 

Երաժշտությունը կախված ռիթմից, տեմպից և տակտից տարբեր կերպ է ազդում մարդու օրգանիզմի վրա։ Օրինակ ռազմական մարշերը մկանների տոնուսն են բարձրացնում, մաժորային երաժշտությունը արագացնում է սրտի աշխատանքը և բարձրացնում արյան ճնշումը, մինորայինը՝ ակտիվացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական պրոցեսները։ Երժշտությունը, որը լսելով մարդը ուրախություն է ապրում նպաստում է անոթների լայնացմանը, կարգավորում է արյան ճնշումը և սրտի աշխատանքը։

Բարձրակարգ ռեստորաններում միշտ հնչում է սիմֆոնիկ երաժշտություն, որը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը և ուտելու գործընթացը ավելի հաճելի, հանգիստ և օգտակար է դարձնում։ Փորձերը հավաստում են, որ երաժշտությունը ազդում է նաև զգայական մյուս անալիզատորների վրա, քանի-որ ավտոնոմ նյարդային համակարգի վրա ամենամեծ ազդեցությունը ունի լսողությունը, քան ցանկացած այլ ազդակ։ Սենսորային ընկալունակության մակարդակի իջեցման հաշվին՝ երաժշտությունը բարձրացնում է գույնի, բույրի, հպման զգացողության սրությունը։

Ռազմակոչը, աղոթքն ու մեդիտացիոն վարժություններն հանդես գալով որպես երաշժտական հնչյուններ՝ հնուց ի վեր ամոքել ու ոգևորել են մարդկությանը։ Օրինակ հին Հունաստանում գիտակ բժիշկները լարային գործիքների նուրբ ձայներով բուժել են նյարդային հիվանդություններ։ Պյութագորասը հոգու, ոգու ու մարմնի հիվանդությունները բուժում էր իր իսկ կազմած երաժշտական կոմպոզիցիաներով ու հիվանդի մոտ Հոմերոսից հատվածներ կարդալով: Այսօր արդեն Ֆրանսիական շատ հիվանդանոցներում /օր․ արյան փոխներարկման ազգային ինստիտուտում/ վիրահատության ողջ ընթացքում հնչում է երաժշտություն։

Երաժշտաթերապիայի բազմաթիվ մեթոդիկաներ դիտարկում են ինչպես երաժշտության միջոցով ներգործման հիմնական և գլխավոր ֆակտոր (երաժշտական ստեղծագործությունների ունկընդրումը, անհատական կամ խմբակային զբաղվում են երաժշտությամբ), այնպես էլ երաժշտության ուղեկցության ավելացումը այլ շտկողական միջոցներին` նրանց ազդեցության ուժեղացման և արդյունավետության բարձրացման համար։ Հոգեբանների հավաստմամբ երաժշտաթերապիան օգնում է վերադառնալ անցյալի զգացումներին, որոնք վաղուց մոռացվել էին, օգնում է վերապրել երջանիկ պահերը և վառ պահել մշուշվող հիշողությունը։ Բազմաթիվ նևրոզներ, դեպրեսիաներ, սիրտ-անոթային հիվանդություններ են բուժվել երաժշտաթերապիայի օգնությամբ։

Փորձարկեք ինքներդ, որպես ընդհանուր հանգստացնող միջոց՝ լսելով Բեթհովենի «6-րդ սիմֆոնիայի» 2-րդ մասը, Բրամսի «Օրորոցայինը»,Շուբերտի «Ավե Մարիան», Շոպենի «Սոլ մինոր նոկտյուրնը», Դեբյուսիի «Լուսնի լույսը», տագնապն ու անվստահությունը նվազեցնելուն, օրինակ, կօգնեն Շոպենի «Մազուրկան» պրելյուդիաները, Շտրաուսի «Վալսերն» ու Ռուբինշտեյնի «Մեղեդիները»:

 

Լուսինե Մանասյան