Սփյուռքում ապրող շատ հայորդիներ իրագործել և այժմ էլ իրագրործում են հայրենանվեր բազում մտահղացումներ և ծրագրեր՝ փորձելով բոլոր հնարավոր միջոցներով ի սպաս լինել հայապահպանության գործին և մատաղ սերնդի սրտում միշտ բորբոք պահել սերը առ հայրենին։ Այսպես եղել է միշտ, բայց այս տարի ամեն ինչ շատ ավելի մեծ թափ ու ընդգրկվածություն է ստացել, քանի որ տարին մեր ժողովրդի համար մեծ խորհուրդ ունի և պարտավորեցնող է ինչ-որ տեղ նաև՝ էլ ավելի համախմբվելու, էլ ավելի ճիշտ ու գիտակցված գործելու։ Սկսած տարեսկզբից՝ թե՛ ՀՀ-ում, և թե՛ Սփյուռքի բոլոր գաղթօջախներում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ՝ ի ոգեկոչումն 1915թ․ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի՝ հուշ-ցերեկույթներ, գրական երեկոներ, հանդիպում-քննարկումներ և այլն։ Պետականորեն մշակված ծրագրից անմասն չէ նաև Ռուսաստանի Դաշնության գաղթօջախը՝ մասնավորապես ՌԴ 640 քաղաքներում պաշտոնապես տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ։

Եւ ահա օրեր առաջ այդ միջոցառումներից մեկը տեղի ունեցավ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ Կոսմոս համերգային մեծ սրահում, որը կրում էր «Երազ իմ երկիր» (Страна моих грёз) խորագիրը, որին ներկա էր նաև YerevanNews.am-ի թղթակիցը Մոսկվայից։ Այն կազմակերպվել էր Հայ ժառանգության պահպանման Հայորդիք հիմնադրամի կողմից՝ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ, որին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարազգի հյուրեր, ինչպես նաև հատուկ հյուրեր Հայաստանից՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Կարին ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, երգիչ Ռուբեն Սասունցին, երաժիշտ Վահան Զաքարյանը և այլք։

Օրը պարտավորեցնող էր բոլորի համար․ ներքին ինչ-որ անհանգիստ մղում ու թախիծ կար բոլորի աչքերում ու պատասխանատվության մեծ զգացում․ «Ուղիղ տասը տարի առաջ նորից այս նույն համերգասրահում անցկացվել է 90-ամյակին նվիրված մեր առաջին միջոցառումը։ Եւ հիմա ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է, որ Եղեռնի 100-ամյա տարելիցի նվիրված պետականորեն անցկացվող ծրագրերի շարքում ներառվել է նաև «Հայորրդիքի» ոգեկոչող համերգը։ Սա խոսում է մեր նկատմամբ վստահության մասին, և որ այսքան տարվա մեր աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն։ Սա մեզ համար մեծ պատիվ է, և այն, որ մենք կարողացանք դիպչել նշանակետին ու հիմա ունենք բավարարվածության զգացում, արդեն մեր գործի իսկական գնահատանք է ժողովրդի կողմից»,- մեզ հետ զրույցում նշեց Հայորդիքի գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը։

Բազմամարդ էր Կոսմոսը. ներկաների ու մասնակիցների աչքերում զգացվում էր օրվա ու տարվա խորհուրդի խոնարհումով ընկալումը, քանզի մենք բոլորս, նշանակություն չունի, թե այս պահին աշխարհի որ ծեգում ենք, ունենք պարտքի զգացում մեր անմեղ զոհերի առջև, մեր պատմության ու մշակույթի, մեր նախնիների առջև, ովքեր աչքի լույսի պես պահել են մեր գանձերը և հանձնել մեզ, և նույն առաքելությունը այժմ մենք պիտի կատարենք։

Երեկոն հագեցած էր բացառապես հայ խոսքով, երգով ու պարով՝ հայրենասիրական ոգով։ Կազմակերպիչներին հաջողվեց ներկաներին ևս մեկ անգամ տեղափոխել դեպի կարոտ ափերը, դեպի մեր երազ երկիրը, իսկ հատուկ այդ երեկոյի համար բեմականացված պարը՝ «Դլե յաման»-ը, ընդհանրացրեց տարվա խորհուրդը։ Համերգային ծրագիրը եզրափակվեց Առաքել Մուշեղ երգով, որից հետո Գևորգ Էմինի «Սասունցիերի պարը» բանաստեղծության ներքո բեմը թնդաց Յարխուշտայի զարկերից, որով կազմակերպիչները պատգամեցին բոլոր ներկաներին․ «Ծփացող պահե՛ք ազգային ոգին ձեր օջախներում՝ այսօր, վաղը եւ հավիտյան եւ թող ազգային երգն ու պարը հովանի լինի ձեզ և առաջնորդի դեպի պայծառ գալիքը»։

Աննա Ալեքսանյան
Մոսկվա