Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Երևանում ԱՄՆ պատվիրակությունը կներկայացնի ամերիկյան վարչակազմի «բարձրաստիճան պաշտոնյա», ում անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ այդ պատվիրակությունը չեն ղեկավարի ո՛չ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ո՛չ պետքարտուղար Ջոն Քերին (Մեդիամաքս):
Շրջանառվող լուրերի համաձայն` ԱՄՆ-ի «բարձրաստիճան պաշտոնյայի» կարգավիճակում հնարավոր է լինի Հիլարի Քլինթոնը, այս տեղեկությունը, սակայն, հաստատված չէ:
Հայոց ցեղասպանության հարցն ԱՄՆ-ի քաղաքական դոկտրինում չունի առաջնայնություն, քանի որ Միացյալ նահագները չեն ցանկանում մեր տարածաշրջանում կորցնել իրենց ազդեցության գոտիները և նավթադոլարային քաղաքականությանը դեմ ինչ-որ քայլ կատարել:
Միաժամանակ, սակայն, ԱՄՆ-ն իր նմանօրինակ քաղաքականությամբ փաստացի ոտնահարում է իր իսկ կողմից առաջնային նպատակ հռչակած «մարդու իրավունքներ», «դեմոկրատիա», «ազատություն» համամարդկային «վեհ» հասկացությունները՝ իրականում սրանք դարձնելով կեղծ կատեգորիաներ: Եթե Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը ԱՄՆ-ը չներկայանա նախագահի, պետքարտուղարի կամ փոխնախագահի մակարդակով, ապա կբացահայտի իր իրական դեմքը:
Նշված քաղաքականությունն ապացուցվում է թուրքական լրատվամիջոցների փոխանցած այն տեղեկությամբ, ըստ որի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր գտնվում է ԱՄՆ-ում: Նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային ու քաղաքակրթության կենտրոնի» բացումը պետք է կատարվի ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների կողմից: Ավելին, հայտնի է, որ Էրդողանն ԱՄՆ իր գործընկերոջն առաջարկել է միասին մզկիթ բացել, Օբաման դրական արձագանք է տվել այս առաջարկին:
Նախատեսված է, որ Չավուշօղլուն հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ` քննարկելու համար ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթը, որպեսզի Օբաման չարտաբերի «ցեղասպանություն» եզրույթը:
Ամփոփելով նշենք, որ ԱՄՆ-ը, չճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը, հերթական անգամ ապացուցում է, որ նման անտարբեր դիրքորոշում է ունեցել նաև 100 տարի առաջ, երբ քաղաքակիրթ հանրության աչքի առաջ մորթազերծվեց մի ողջ քաղաքակրթություն:
Արմեն Հովասափյան