Հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի հատվածի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 45-ամյա Էռնեստ Զ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, իրանի վերին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 43-ամյա Էդմոնդ Զ.-ն:

Ըստ հարազատների` Էռնեստ եւ Էդմոնդ Զ.-երը վնասվածքը ստացել են Նորքում, վիճաբանության ժամանակ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Նորք-Մարաշ գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր-կտրող-գործիքով հարվածել է Էռնեստ եւ Էդմոնդ Զ.-երին եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 17-ին, ժամը 21.00-ին, «Նորք-Մարաշ» գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, Էռնեստ եւ Էդմոնդ Զ.-երին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 26-ամյա Նիկոլայ Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 14.10-ին ինքնակամ ներկայացել է բաժանմունք եւ ներկայացրել հանցագործության գործիք ծալովի դանակը: