ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործը Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի հունիսի 11-ին:

ՍԴ-ի աշխատակարգային որոշման համաձայն` գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածուի կողմից վիճարկվող դրույթները վերաբերվում են նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքներին և նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործմանը:

ԸՕ-ի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, մասնավորապես, սահմանում է, որ թեկնածուների ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

26-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասի համաձայն` թեկնածուները ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ` տպագիր նյութերի, պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները:

Փաստինֆո