Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ ապրիլի 23-ին և 24-ին կայանալիք հիմնական միջոցառումների անցկացման մանրամասները։ Հիշատակի միջոցառումների անցկացման համար Երևանի քաղաքապետարանը նույնպես ձևավորել է իր հանձնաժողովը՝ մասնավորապես մայրաքաղաքի միջոցառումների կազմակերպման, անցկացման համար։ Քաղաքապետարանը սպասարկելու է նաև պետական հանձնաժողովի ծրագրերը։
Բացի միջոցառումների անցկացման սպասարկումը, քաղաքապետարանն իրականացրել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ու հուշարձանների հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում 21 ցայտաղբյուր է կառուցվել, տարածքը կահավորվել է նստարաններով, անցկացվել է լուսավորության նոր ցանց՝ նոր լուսատուներով, Ծիծեռնակաբերդի ամբողջ ճեմուղին կահավորվել է ձայնային սարքավորումներով։
Ապրիլի 23-ի ու 24-ի բոլոր գլխավոր միջոցառումները ուղիղ հեռարձակվելու են ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև Հանրապետության հրապարակում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղադրված տեսաէկրաններին։
Ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին սկսվող System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի համերգից առաջ Հանրապետության հրապարակում տեղադրված էկրաններին Էջմիածնի Մայր տաճարից ուղիղ հեռարձակվելու է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի սրբադասման արարողությունը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հնչող երաժշտությունը կլինի կենդանի կատարմամբ և կհեռարձակվի ճեմուղու ողջ երկայնքով։
«Ապրիլի 24-ին առավոտյան մեկնարկող արարողակարգային միջոցառումից հետո՝ ժամը 13։00-ից Կիևյան փողոցի կողմից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղին բաց կլինի բոլոր քաղաքացիների համար։ Երթին զուգահեռ տեղի կունենան օրվա խորհրդով մշակութային միջոցառումներ. 4 հարթակներում կենդանի կատարումնեով մեր երկրի լավագույն մենակատարները, խմբերն ու համույթները հանդես կգան թեմատիկ ինչպես դասական, այնպես էլ նոր ստեղծագործություններով։ Այս կատարումները նույնպես ուղիղ կհեռարձակվեն ամբողջ ճեմուղով»,- ներկայացրել է Արամ Սուքիասյանը։
Խստագույնս բացառվելու է բացօթյա առևտուրը Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղում և մուտքի մոտ։
«Բացօթյա առևտուրն օրենքով արգելված է և այս առումով կանոնակարգված կլինի. միայն ծաղկավաճառներին է վաճառքի թույլատվություն տրված Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկի հատվածում, ստորգետնյա անցումում, ինչպես նաև Բարեկամություն հրապարակից մինչև Օրբելի փողոցի խաչմերուկ։ Կան կազմակերպություններ, որոնք նախաձեռնել են ծաղիկներն անվճար բաժանել. նրանք ևս թույլտվություն ունեն»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած քաղաքացիներին դպրոցականները նվիրելու են Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների պատրաստած Անմոռուկները, որոնցից 400.000-ը, ի դեպ, պատրաստել են Երևանի աշակերտները։
Ապրիլի 24-ին՝ ժամը 20։15-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկելու է «Վերածնունդ» խորագրով մշակութային միջոցառումը, որը բաղկացած է 4 ենթախորագրերից՝ «Երախտագիտություն», «Հիշողություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ»։ «Հիշողություն» հատվածում վավերագրական բացառիկ կադրեր են ցուցադրվելու։
«Տեսաշարերով կցուցադրվեն բացառիկ տեսանյութեր, որոնք տարբեր երկրներից նոր են բերվել Հայաստան։ Նույնիսկ մտածում էինք՝ արժե՞ այդ դաժան տեսարանները ներկայացնել։ Այնուամենայնիվ կարևորում ենք դրանց ցուցադրումը»,- նշել է քաղաքապետի տեղակալ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ռեժիսոր Արամ Սուքիասյանը։
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01։00-ն՝ այդ երկու օրերին բազմահազարանոց համերգների, ինչպես նաև ապրիլի 24-ին Ջահերով երթի մասնակից քաղաքացիների տեղաշարժը ապահովելու նպատակով։ Բացի այդ, ապրիլի 24-ին՝ ժամը 13։00-ից Բրազիլիայի հրապարակից ավտոբուսների երթուղիներ կգործեն դեպի Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ և Բարեկամություն կայարաններ։
Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ այս օրերին, բացի պետական մեծաթիվ պատվիրակություններից, Երևան են ժամանելու նաև Երևանի գործընկեր քաղաքների, մասնավորապես Ամանի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները՝ բավական մեծ կազմով։