Ապրիլի 21-ին հայրս կդառնար 50 տարեկան: Այդ 50 տարիներից 24-ը նա Ֆիզիկապես մեզ հետ չէ: Այսօր հիշատակի, խնկարկման, հայրիկիս և իր զինակիցների կողմից մեզ տրված խաղաղությունը վերարժևորելու օր է:

Հայրիկիս տարեդարձն ինձ համար լույսի և վերածննդի խորհուրդ ունի: Մարդ, ով անմնացորդ այրվեց լույս սփռելով ամենուր, իր կյանքը գիտակցաբար զոհելով՝ ապրելու հնարավորություն տվեց հազարավոր ուրիշներին:

Մարդ, ով իր ապրած կարճատև, 26-ամյա կյանքում ընդունած բոլոր որոշումները պսակեց հաղթանակով:

Մարդ, ով հերոսության օրինակ դարձավ:

Թեև մեկ տարեկանից ապրել եմ առանց նրա ֆիզիկական ներկայության, բայց շնորհիվ մայրիկիս, երբեք չեմ զգացել նրա բացակայությունը: Մայրս կարողացել է ապրեցնել հայրիկին իմ մեջ, դառնալով մեզ կապող մեծ սիրո, հավատարմության կամուրջը, որի համար նախ շնորհակալ եմ հայրիկիս՝ ինձ համար հե՛նց այդպիսի մայր ընտրելու համար, և ապա մայրիկիս՝ այդ բացառիկ, անքակտելի հոգևոր կապն ստեղծելու համար:
Հայրիկիս ծննդյան օրը ես համարում եմ ո°չ թե տխրության, այլ ուրախության օր, քանզի հերոսներն ամեն օր չէ, որ ծնվում են:

Իր բանաստեղծություններից մեկում հայրս պատկերավոր նկարագրում է, թե ինչպես է տապալվում հզոր, սաղարթախիտ կաղնին: Նա, ինքն էր այդ կաղնին, որն ընկավ, սակայն չկործանվեց, այլ վերընձյուղվեց ու շիվ տվեց: Եվ հիմա ես, որպես հորս անչափելի մեծ հոգուց սերված ընձյուղ, հպարտ եմ իմ ժառանգությամբ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մեր կողքին են եղել այս տարիներին, նրանց, ովքեր չեն դադարել հավատալ հայրիկիս՝ դեռևս անկատար երազանքներին, ովքեր հավատարիմ են մնացել նրա իմաստուն պատգամներին:

Հավերժ փառք և խորին խոնարհում հորս հիշատակին, արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին:

Ասպրամ Կրպեյան-Facebook