Ապրիլի 22-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, վկայակոչվեցին եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:
Հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, հայ և եզդի բարձրաստիճան հոգևորականներ, պետական այրեր, մեկնարկեց լռության րոպեով: Ներկաները հարգեցին Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև Սիոն եպիսկոպոս Ադամյանը կատարեց հոգեհանգստի կարգ:
Եզդի հոգևորականների աղոթքից հետո ներկաներին խոսքով դիմեց համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին բեկը, ով շնորհակալություն հայտնեց եզդի ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար, նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդները եղել են, կան ու կլինեն միասնական, քանի որ միասնությունն այն ուժն է, որի դեմ անզոր է ցանկացած ոսոխ:
Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես եկած հայ և եզդի պաշտոնյաները վեհիշեցին երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմության առանձին դրվագներ, արժևորվեց այն դերը, որ Ջհանգիր աղայի ղեկավարված երկու հազարանոց եզդիական հեծյալ զորախումբը ունեցավ 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտում:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամության հուշահամալիրում տեղի ունեցավ Ջհանգիր աղայի աքսորավայրից՝ ՌԴ Սարատովի մարզի Մենսեր գյուղի գերեզմանոցից բերված հողը նրա հուշարձանի հիմքում ամփոփելու արարողակարգը: Զինվորական պատիվներով և պատվո պահակախմբի մասնակցությամբ կատարված արարողակարգի ընթացքում հողը հուշարձանի հիմքում ամփոփեց Ջհանգիր աղայի թոռը՝ Վազոր Ադոյանը;
Դիմելով միջոցառման մասնակիցներին` Սեյրան Օհանյանը նկատեց, որ 1915 թիվը առանձնահատուկ է մեր՝ հայերիս համար, քանի որ կամա թե ակամա վերհիշում և մեր երախտիքի խոսքն ենք ուղղում նրանց, ովքեր ծանր այդ տարիներին կանգնած էին հայ ժողովրդի կողքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատեց նաև, որ հենց ցեղասպանության մասին դառը հիշողություններն ու պապենական վրեժը լուծելու մղումն էին, որ մեր ազատամարտիկներին ուժ ու կորով էին պարգևում մարտի ամենաթեժ պահերին;
Միջոցառումը եզրափակվեց պարգևատրման արարողությամբ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը պարգևատրվեցին «Ջհանգիր աղա» մեդալով: Պարգևատրվածների թվում էր նաև «Սարդարապատ» հուշահամալիրի տնօրեն Կարեն Արեստակեսյանը: