Ապրիլի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Վարդան Գ.-ն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ ապրիլի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, նույն քաղաքի բնակիչներ` «Մոնի» մականունով Արամ Խ.-ն և նրա մերձավոր ոմն Արթուրը իր տան առջև ծեծի են ենթարկել իրեն և բացահայտ առևանգել ու հափշտակել իրեն պատկանող, 2.500.000 դրամ արժողության «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, իսկ ապրիլի 22-ին, ժամը 03-ի սահմաններում, Արամ Խ.-ն իրեն անհայտ մեկ այլ անձի հետ ապօրինի մուտք են գործել իրենց տուն, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել, կյանքի և առողջության համար դանակի գործադրմամբ վտանգավոր բռնության սպառնալիքով պահանջել են իրենց տալ 15.000 ԱՄՆ դոլար և տան ոսկյա զարդերը, սակայն ոչինչ չգտնելով՝ սպառնացել են հաջորդ օրը ժամը 10.00-ին գալ գումարը վերցնելու և իր ավտոմեքենան նրանց անունով գրանցելու:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամ Խ.-ն ՌԴ քաղաքացի, 1964 թ. ծնված Արամ Խ.-ն է, Արթուրը` 1989 թ. ծնված Արթուր Ն.-ն, իսկ երրորդ անձը` 1988 թ. ծնված Մհեր Թ.-ն:
Արամ Խ.-ն և Մհեր Թ.-ն ձերբակալված են:
Արթուր Ն.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Վարդան Գ.-ի հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Քննությունը շարունակվում է: