Մարտի 26-ին ` ժամը 17:00-ի սահմաններում Նոր Նորքի թիվ 159-րդ դպրոցի խաղահրապարակում կրակոց էր հնչել: Թերթը նշում է, որ կրակոցի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը և ենթարկվել վիրահատության: Ըստ տեղեկությունների` վերջինս հրազենային վնասվածք է ստացել ձախ ոտքի ծնկի ստորին հատվածում: Բացի այդ հարված է ստացել նաև գլխի շրջանում:
Սարգսի հարևանների պատմելով` կրակոցի պատճառը եղել է աշխատավարձի ուշացումը:
Դեպքի մանրամասները պարզելու համար թերթի թղթակիցն այցելել է Սողոմոնյանների ընտանիքին: Հարևանները նշել են, որ Սարգսի դուստրն աշխատում է արդարադատության նախարարությունում:
Հարևանները պատմել են, որ Սարգիսը շենքի դիմաց լիմոնադի արտադրամաս է բացել և երկար տարիներ աշխատեցնում է այն: Նրանք պատմել են նաև, որ կրակոցը եղել է պարտքի պատճառով: «Խոսակցություններից գիտեմ, որ ինչ-որ աշխատավարձի ուշացման պատճառով է եղել, ու երևի Սարգիսն է ուշացրել»,- ասել է հարևաններից մեկը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թղթակիցը տեղեկացել է, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Ոստիկանությունից հայտնել են նաև, որ հանցագործը հետախուզման մեջ է, նրան դեռ չեն հայտնաբերել:Գրում է` «Ժովողուրդը»:


