«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոգևոր խոսքն ու եկեղեցական երաժշտությունը սրբադասման արարողության մասնակիցների, հեռուստատեսությամբ և համացանցով Էջմիածնում կատարվող դեպքերին հետևողների հոգիները լցրեցին երանավետ հանդարտությամբ, իրական թախիծով ու անմեղ զոհերի նկատմամբ սիրով- երկրպագությամբ: Աննախադեպ այդ արարողությունը, որ մանրակրկիտ մտածված էր ու նախապատրաստված Հայ առաքելական եկեղեցու կողմից, քրիստոնեության բացառիկ ծեսերից էր: Այն հայ ժողովրդին փոքր-ինչ ավելի Աստծուն մոտեցնելու, մեր մեղավոր հոգիները մաքրելու և հոգևորին հաղորդակից դարձնելու ծես էր՝ հուզումնալից ու վերերկրային:
Այդ հանդիսավոր, զուսպ և պատկառազդու իրադարձությանն ընդամենը մի քանի ժամ անց Հանրապետության հրապարակում հաջորդեց մյուս «ծեսը», որը թեև շատ հեռու էր հոգևոր աշխարհից, բայց, դատելով այդ հրապարակում, հորդառատ անձրևի տակ թրջվող պատանիների ոգևորությունից, այնքան էլ հեռու չէր:
Ի վերջո, յուրաքանչյուրը սգում է, հիշում է, ոգեկոչում է յուրովի: Մեկի համար հիշողությունն աղոթքի ու մոմավառության տեսքով է, մյուսի համար՝ իր պաշտամունքի առարկա երաժշտության ու խմբի համերգի ունկնդրությամբ: Եվ ո՞վ կսպասեր, որ մեր երիտասարդների մեջ այդքան պոպուլյար են ռոքն ու Սերժ Թանկյանը, ով իսկական թատերական ներկայացում բեմադրեց՝ իր արվեստի միջոցով աշխարհին ասելով. ես հայ եմ և սգում եմ 100 տարի առաջ եղեռաբար զոհված իմ ազգակիցների բնաջնջումը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: