ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի 28-ին տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող "Արի տուն" ծրագրի մասին: Նախարարը նշեց, որ ակնկալում է Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետների աջակցությունը` հյուրընկալ ընտանիքների ընտրության հարցում: Ծրագրով հայրենիք այցելող երեխաները կարող են հյուրընկալվել ինչպես Երեւանում, այնպես էլ մայրաքաղաքին մոտ վերոնշյալ մարզերում:
Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց անհրաժեշտ տեղեկատվությունը ժամանակին ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն եւ աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում:
Խորհրդակցության օրակարգի մյուս հարցը վերաբերում էր գյուղատնտեսական խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ պարարտանյութի եւ դիզելային վառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է. բաշխումը հիմնականում կատարված է ցածրադիր գոտիներում, առաջիկա օրերին էլ պարարտանյութ եւ դիզվառելիք կստանան բարձրադիր գոտիների հողօգտագործողները:
Առաջիկա օրերին կմեկնարկի նաեւ գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի սերմացուի բաշխումը: Ս. Կարապետյանը մարզպետներին առաջարկեց նաեւ հստակեցնել մարզերում առկա պահանջարկը եւ վերջնական տվյալները ներկայացնել նախարարություն:
Փոխվարչապետը կարեւորեց ինչպես սերմացուի, այնպես էլ պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի արագացումը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հողօգտագործողները դժվարություններ չունենան: Նա մարզպետներին հորդորեց սերտ համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` ծրագրերի ժամանակին իրականացումն ապահովելու համար:
Խորհրդակցությանը քննարկվեց նաեւ հանրապետության համայնքներում տեղեկատվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ ներկայումս Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) ներդրված է 352 համայնքում, էլեկտրոնային փաստաթղթաշարժը՝ 129 համայնքում:
Կարեւորելով էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը համայնքներում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից` փոխվարչապետը մարզպետներին եւ ՏԿ նախարարության պատասխանատուներին հանձնարարեց համատեղ աշխատանքներ իրականացնել` համակարգերի ներդրման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Բարձրացվեց մարզերում ինտերնետ կապի որակի հարցը, ինչի վրա կհրավիրվի նաեւ օպերատոր ընկերությունների ուշադրությունը:
Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. առաջին երկու ամիսների ցուցանիշներին: Դրական համարելով տարեսկզբի միտումները ` փոխվարչապետը կարեւորեց այդ ուղղությամբ տարվա ընթացքում մշտական հետեւողական աշխատանքի իրականացումը եւ մարզպետներին առաջարկեց հարցն ուշադրության կենտրոնում պահել:
Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: