Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին` ուղեկցությամբ ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաիսի:

Ողջունելով տիկին Զոի Կոնստանդոպուլուին` Նորին Սրբությունն ասաց, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին հաճելի է տեսնել Հունաստանի հոգևոր ու պետական ներկայացուցիչների կարևորագույն մասնակցությունը, որը վկայությունն է այն բարեկամական ջերմ հարաբերությունների, որոնք մշտապես ուղեկից են եղել բարեկամ երկու ժողովուրդներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձավ Հայ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա միջեկեղեցական սերտ գործակցությանը, ինչպես նաև գոհունակությամբ փաստեց այն դրական հոգատար վերաբերմունքը, որ Հունաստանի իշխանությունները մշտապես դրսևորել են հայկական համայնքի նկատմամբ: Այնուհետև Գարեգին Բ Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հունական պատվիրակության անդամներին, անխափան առաքելություն ու ընթացք մաղթեց նրանց:

Իր հերթին Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն Հայաստան ու Մայր Աթոռ կատարած այցից ստացած վառ տպավորությունները փոխանցեց Նորին Սրբությանը` նշելով, որ մշտապես ջանքեր է գործադրելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը: