Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանելով Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիային» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով պարտվելը՝ մրցակցի կազմում առանձնացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Իսպանացի մասնագետը մասնավորապես ասել է. «Շատ եմ հպարտանում իմ թիմով։ Եթե թիմը հանդես է գալիս այսպես, նրան մեղադրելու առիթ չունեմ։ Խաղացողներն արեցին ամեն ինչ, որպեսզի գոհ լինեմ իրենցից։

Լավ էինք հանդես գալիս բացառությամբ այն 15 րոպեներին, երբ դաշտ դուրս եկավ Մխիթարյանը։ Սա մեր լավագույն հանդիպումն էր «Բորուսիայի» հետ այն ժամանակից, ինչ աշխատում եմ «Բավարիայում»։

11 մետրանոցներ իրացնելու ժամանակ մի քիչ հոգնած էինք։ Շնորհավորում եմ «Բորուսիային» և նրանց հաջողություն մաղթում եզրափակչում»,- Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է մյունխենցիների պաշտոնական կայքը։