Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը Reuters-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումն այս տարի քիչ հավանական է:
«Եթե մենք կարողանանք այս տարի խաղաղ ավարտել, ապա այն կառուցողական կլինի: Սակայն ինչ վերաբերում է կոնֆլիկտի լուծման կոնկրետ պայմանավորվածություններին, ապա այնքան էլ լավատես չեմ այս տարի»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Reuters-ը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտը սկսվել է 1991 թվականին: 1994 թվականին երկրների միջև զինադադար հաստատվեց, սակայն խաղաղության ոչ մի պայմանագիր չստորագրվեց: Այս գործում Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը` Թուրքիայի:
«Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ էլ Ադրբեջանը չի շահի պատերազմից, սակայն չենք կարող դա բացառել»,- ասել է Հարությունյանը:
Վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղն առաջինը չի սկսի պատերազմը, սակայն այդ հանրապետությունը մեծացնում է զինամթերքի պաշարը, որպեսզի կարողանա պաշտպանի իրեն:
«Կարծում եմ` նոր պատերազմը կհանգեցնի հսկայական մարդասիրական ճգնաժամի և շատ արյուն կթափվի»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը:
Reuters-ը նշում է, որ այս ամիս երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Մինսկի խմբի հաամնախագահների հետ:
Հոդվածի հեղինակ Ջոն Այրիշը հույս է հայտնում է, որ Սերժ Սարգսյանի վերընտրվելը կնպաստի կոնֆլիկտի լուծմանը:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանը մեղադրում էր Ադրբեջանին հսկայական քանակի զինամթերք հավաքելու և ռազմական գործողություններին նախապատրաստվելու մեջ: ՀՀ նախագահը հայտնել է, որ նա կցաբնկանար բանակցություններ վարել:
Արայիկ Հարությունյանը, որը կռվել է 1991-1994 թթ. հայտնեց, որ այս պահին ադրբեջանցիները և հայերը պատրաստ չեն փոխհամաձայնության, որն ավելի է բարդեցնում իրավիճակը: