Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին նշված կեղծ թղթադրամները ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Արարատի բաժին բերման են ենթարկվել Արարատ քաղաքի բնակիչներ՝ 1989 թ. ծնված Գոռ Խ.-ն և 1987 թ. ծնված Հակոբ Մ.-ն: Նրանք խոստովանել են, որ 2015 թ. մարտին ձեռք են բերել 10.000 եվրո գումար՝ 20 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Պարզվել է, նաև, որ Հակոբ Մ.-ն 2014 թ. հոկտեմբերին ձեռք է բերել և Գոռ Խ.-ի միջոցով իրացրել 7.500 եվրո գումար՝ 15 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գոռ Խ.-ն և Հակոբ Մ.-ն ձերբակալվել են։ Կատարվում է քննություն։