Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Օրակարգը հաստատելու ժամանակ առաջարկվել է քննարկել նաև 2015թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու հարցը: ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ գարնանը լինեն առատ տեղումներ և վարարումներ: Եվ քանի որ երկրի որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով հարցը քննարկվել է ՀՀ նախագահի, գյուղատնտեսության նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Որոշվել է մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու, ինչը կարևորագույն աջակցություն է հողօգտագործողներին: Վարչապետը ջրտնտպետկոմին հանձնարարել է մեծ պատասխանատվություն ցուցաբերել և հետևել միջոցառման արդյունավետությանը: