Բրազիլիայի Պարանա նահանգի խորհրդարանը 2013 թ. հունվարի 10-ին ընդունել է No 75503 օրենքը, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Օրենքի առաջին հոդվածում նշվում է. «Նահանգային Օրենսդիր ժողովը սահմանում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրը, որը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին»: Ցեղասպանության ճանաչման օրը կընդգրկվի Պարանա նահանգի պաշտոնական միջոցառումների օրացույցում:
Օրենքի նախագծի հեղինակն է նահանգային պատգամավոր Նեյ Լեպրեվոստը: Այն ստորագրվել է նահանգապետ Կառլոս Ալբերտո Ռիշայի կողմից եւ ուժի մեջ մտել փետրվարի 28-ին` պաշտոնական մամուլում հրապարակվելուց հետո:
Նշենք, Պարանան գտնվում է Բրազիլիայի հարավում, ունի 10,5 մլն բնակիչ, այդ թվում` փոքրաթիվ հայկական համայնք: Այն երկրի ամենազարգացած գյուղատնտեսություն եւ արդյունաբերություն ունեցող նահանգներից մեկն է: