ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման հեռանկարների, հետագա գործունեության մոդելների, մեխանիզմների եւ ուղղությունների հետ կապված հարցեր: Փոխվարչապետն այդ կապակցությամբ ներկայացրեց իր մոտեցումները` մասնավորապես հիմնադրամի գործունեության հնարավոր ուղղություններից նշելով ՏԻ համակարգում առաջիկայում նախատեսվող բարեփոխումների օժանդակությունը, համայնքների զարգացման, համայնքների կողմից որակյալ ծառայությունների մատուցման աջակցությունը, ինչպես նաեւ գործունեության մեխանիզմների առանձնահատկության պահպանումը: Նա մասնավորապես կարեւորեց ՀՍՆՀ-ի կողմից համայնքներում իրականացվող ծրագրերը տեղերում քննարկելու եւ համայնքի համաֆինանսավորման մեխանիզմի առկայությունը, ինչը հնարավորություն է ընձեռում համայնքին եւս մասնակցություն ունենալ ծրագրերի իրականացմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՍՆՀ հետագա գործունեության ռազմավարության մշակման համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ: Փոխվարչապետը ողջունեց նաեւ ՀԲ ներկայացուցիչների` այդ աշխատանքներում մասնագետ խորհրդատուի ներգրավման առաջարկը: