Մինչև տարեվերջ Երևանը կունենա ևս 5 նոր հյուրանոցային համալիր



Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում կարևորելով Երևանի զբոսաշրջային գրավչության ու հարմարավետության ապահովումը՝  քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության արդյունքում այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 5 նոր հյուրանոցային համալիրներ: 


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ավան վարչական շրջանում ընթացող <<Վինթոն Հոթել Երևան>>հյուրանոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել ապագա հյուրանոցի նախագծի մանրամասները. 


<<
Ներկայում տարեկան Երևան է այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ, և այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երևանը հարամարավետ պետք է լինի թե՛ մեր քաղաքացիների և թե՛ մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար: Եվ այդ տեսանկյունից անշուշտ կարևոր է նաև նոր հյուրանոցների կառուցումը: Երևանում այսօր ունենք 44 հյուրանոց, այս տարի շահագործման կհանձնենք ևս 5-ը: Ընդ որում, այս հարցում ևս առաջնորդվել ենք Երևանի համաչափ զարգացման ապահովման դիրքերից: Արդեն հայտեր ունենք և քննարկում ենք նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավենք շահագրգիռ ներդրողների>>,- նշել է Տարոն Մարգարյանը: